Բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց ճանապարհին, ստուգման նպատակով, փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը չի կանգնեցրել ավտոմեքենան և փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենան վարել է 1997 թ. ծնված Մամիկոն Մ.-ն, որը դիմել է փախուստի, փայտանյութը դատարկել իր մորեղբոր տան բակում և թաքնվել:
Տեղեկությունն ստուգելու նպատակով կատարված այցելությամբ, նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Քարինջ գյուղի մի տան բակում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ, ինչի կապակցությամբ տանտերը և նրա ընտանիքի անդամները հայտնել են, որ այն իրենց բակում հայտնվել է նույն օրը ժ.17.00-ից մինչև ժ.21.00-ն ընկած ժամանակահատվածում և տեղեկություն չունեն այն դատարկող անձի մասին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կարդացեք նաև
Ապրիլի 25-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում, Մամիկոն Մ.-ն բացատրություն է տվել, որ նշված փայտանյութը բենզասղոցի գործադրմամբ պատրաստել է ինքը, ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարց գյուղի հարակից անտառից՝ հատելով 1 քամատապալ լորենի, իսկ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Մարց-Քարինջ ճանապարհին չի ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից իր ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին, քանի որ փայտանյութի ձեռք բերման և ավտոմեքենայի վարման համար չի ունեցել համապատասխան փաստաթուղթ և վարորդական իրավունքի վկայական:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն