Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաշենը 3 սենյականոց բնակարան չէ

Ապրիլ 26,2019 17:56

Արդեն մի քանի տարի է, ինչ նույն բովանդակությամբ և ձևաչափով դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազին, պահանջելով քրեական գործ հարուցել և դրա շրջանակներում պարզել, թե ով, երբ և ինչ պայմաններով է փոխանակել ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը այլ տարածքների հետ: Արծվաշենի ենթադրյալ փոխանակման խնդիրը հանրայնացավ այն ժամանակ, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նախկին այլ պաշտոնյաներ տարբեր առիթներով սկսեցին բարձրաձայնել այդ գործարքի մանրամասները, իսկ լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել այն: Այդ պահից սկսած, քանի որ առկա էին հիմք և առիթ, առաջացավ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն: Փաստորեն, ես դիմելով ՀՀ Գլխավոր դատախազին, վերջինիս միայն տեղյակ եմ պահում քրեական գործի հարուցման անհրաժեշտության հասունացման մասին:

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ Գլխավոր դատախազությունից պատասխանում են, որ  բարձրացված խնդրի կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք և առիթ չկա: Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահի՝ ՀՀ տարածքների փոխանակման մասին հայտարարությունը հիմք չէ, իսկ լրատվամիջոցների կողմից դրա լուսաբանումն առիթ չէ քրեական գործ հարուցելու համար: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործի հարուցման մերժումը հիմնավորում է ՀՀ Վճռաբեկ դատարանի թվով 2 «նախադեպային» որոշումներով: Փորձեցի պարզել այդ որոշումների նախապատմությունը:

Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության բերված թիվ ՎԲ-133/07 գործի նյութերի, ոմն Է. Կարապետյանն ունեցել է, սեփականության իրավունքով նաև իրեն պատկանող, 3 սենյականոց բնակարան, որը դատարանի վճռով բաժանված է եղել իր և իր նախկին ամուսնու միջև: Այնուհետև բնակարանը սակարկությամբ վաճառվել է, իսկ Է.Կարապետյանի նախկին ամուսինը դատական կարգով պահանջել է վտարել իրեն: Մի խոսքով, կենցաղային վեճ է, որտեղ կողմերից մեկը գտնում է, որ ինքը «դատարանի և արդարադատության զոհ է» և պահանջում է քրեական գործ հարուցել:

Մյուս՝ թիվ ԵԿԴ/0118/11/13 գործով, ոմն Ռուզաննա Նիազյանը հաղորդում ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պահանջել է քրեական գործ հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած ամուսնու մահվան փաստով և իրեն վերջինիս իրավահաջորդ ճանաչել:

Բերված օրինակներում վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «հանցագործության մասին հաղորդումը չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի և այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին»: ՀՀ Գլխավոր դատախազությունն էլ եզրահանգել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի փոխանակման մասին հայտարարությունը և լրատվամիջոցներում դրա լուսաբանման փաստը ընդհանուր բնույթի են և վերացական և հետևաբար քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

Նախ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ առաջին նախագահի ասածը շատ որոշակի է՝ նա պարզ և հստակ ասում է, որ Արծվաշենը փոխանակվել է այլ տարածքների հետ: Այս պարագայում, անգամ մեծ ցանկության դեպքում, հայտարարության մեջ չի լինի անորոշություն կամ վերացականություն գտնել: Այն չափազանց որոշակի է:

Բացի այդ, տվյալ դեպքում անհասկանալի է նախադեպերով առաջնորդվելը, քանի որ բերված օրինակների հիմքում ընկած են կենցաղային վեճ և ենթադրվող սպանություն: Արծվաշենի փոխանակման հետ կապված խնդիրը չի կարող նմանեցվել բերված օրինակներին: Տվյալ դեպքում գործ ունենք ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն, դրա մի մասը առանձնացնելուն և միգուցե պետական դավաճանության փաստի հետ:

Այսինքն, Արծվաշենի հետ հնարավոր գործարքն ունի հասարակական հնչեղություն և այն որևէ կերպ չի կարելի համեմատել Է.Կարապետյանին պատկանող 3 սենյականոց բնակարանի շուրջ վեճի, ինչպես նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձի մահվան դեպքով պայմանավորված իրավական գործընթացի հետ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930