Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյան. Խորհրդարան կներկայացվի մի նախաձեռնություն, ըստ որի՝ աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը կուղղվի ուսման վարձի վճարմանը

Ապրիլ 26,2019 17:47

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի՝ Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրում ներգրավված Հայաստանի մարզերի աշակերտների, ծրագրի ղեկավարների հետ:

Լենա Նազարյանը խոսել է ժողովրդավարության մասին՝ մասնավորապես անդրադառնալով ժողովրդավարական երկրի արժեքներին եւ նման պետությունում ապրող մարդկանց գործելակերպին ու ակնկալիքներին:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ժողովրդավարությունը, լինելով ազատություններ տրամադրող համակարգ, նաեւ ուղիղ կապ ունի մրցակցության հետ: Ժողովրդավարությունն ապահովում է այն անհրաժեշտ համակարգը, որով հասարակության ճահճացում տեղի չի ունենում եւ մարդիկ, սոցիալական խմբերը կարողանում են փոխզսպել միմյանց, մշակել արդարացի համակեցության սկզբունքներ՝ առանց ներքին բեւեռացումների, անհավասարության կոնֆլիկտների ու բռնությունների:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են ապատեղեկատվության տարածման դեմ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությանը, 12-ամյա կրթության բովանդակության փոփոխմանը, արհեստագործական հաստատությունների վերականգնմանը, երիտասարդների զբաղվածության ապահովմանը, Երեւանից հեռու գտնվող մարզերում «Թումո» կենտրոնների բացման հնարավորությանը, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվելիք քայլերին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ԱԺ փոխնախագահը նշել է. «Այո՛, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչի մասին հատկապես վկայում են անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրությունները»: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում հասնել ժողովրդավարության այն մակարդակին, որը թույլ կտա արդար, բարեկեցիկ եւ ապահով հասարակություն կառուցել:

Անդրադառնալով ուսման վարձերի հարցին՝ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջիկայում խորհրդարան կներկայացվի մի նախաձեռնություն, ըստ որի՝ աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը կուղղվի ուսման վարձի վճարմանը:

Հանդիպումից հետո հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930