Սահմանապահ զորքերի օրվա կապակցությամբ այսօր ԱԱԾ-ի Սահմանապահ զորքերի վարչություն էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր շնորհավորական ելույթում վարչապետն ասաց, որ սահմանապահ լինելն այսօր ոչ միայն աշխատանքային կոչում է, այլեւ առաքելություն եւ այդ առաքելությունը պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները. «Այսօր այդ առաքելությունը պատվով կատարում են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ոստիկանության զորքերի ծառայողները: Այսօր ՀՀ-ում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացողություն. Ինչպիսին է սահմանապահ գյուղ, կամ սահմանապահ բնակավայր: Ու այս օրը տոն է ոչ միայն ՀՀ սահմանապահ զորքերի, այլեւ մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե Երեւանում է աշխատում, թե ՀՀ սահմանի որեւէ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետեւ սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի, մեր երեխաների անվտանգությունն է»:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց զինվորներին՝ երկրի՝ իրենց վստահված հատվածի պաշտպանության համար՝ հավելելով, որ շնորհակալ է ՌԴ սահմանապահ զորքերին նաեւ՝ ՀՀ-ի՝ իրենց վստահված սահմանի պահպանության համար:
Կարդացեք նաև
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատվավոր կրծքանշաններով ու խրախուսական պատվոգրերով պարգեւատրեց Սահմանապահ զորքերի անձնակազմի անդամներին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցող մի փոքրիկ աղջկա էլ Վանեցյանը համբուրելով այտը՝ նվիրեց «Բարբի» տիկնիկ:
Սահմանապահ զորքերի զինծառայողները ցուցադրեցին զենքով շարային վարժաձեւեր, ցուցադրեցին ուշագրավ համարներ:
Հետաքրքիր էր, որ Սահմանապահ զորքերի արագ արձագանքման բաժնի անձնակազմը ուժային եւ ձեռնամարտի հնարքներ ցուցադրեց՝ սվին դանակի, ինքնաձիգի եւ ատրճանակի կիրառմամբ: Մեղմ ասած, Փաշինյանին ներկայացրեցին «ասֆալտին պառկեցնելու» նուրբ արվեստը՝ կրակոցներ, ծուխ, ռումբի պայթեցում, շներով համար եւ այլն:
Հետո Վանեցյանի հետ վարչապետը շրջայց կատարեց վարչության տարածքում, ծանոթացավ զինտեխնիկայի, շարժակազմի հետ, նրան ցուցադրեցին նաեւ շների իրենց ունեցած տեսակները:
Վարչապետը հետաքրքրվեց՝ «Լաբրադոր» տեսակի կա՞՝ պատասխանեցին, որ սահմանին չունեն «Լաբրադոր». «Հիմնականում նրանք օգնում են պայթուցիկի եւ թմրամիջոցների հայտնաբերման համար»:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ