Այսօր պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցին՝ նախորդ իշխանության օրոք անընդհատ արծարծվում էր այն հարցը, թե ինչու է մեր բարեկամ Ռուսաստանը զենք վաճառում մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, հիմա ի՞նչ գործընթաց կա այդ առումով՝ պատասխանեց. «Հավելյալ մատակարարումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ»: Նա ասաց, որ տեղեկություն չունի նաեւ Բելառուսի առնչությամբ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Բոլթոնը ամերիկյան զենք էր առաջարկում, ընդունեցի՞ք առաջարկը՝ Տոնոյանը պատասխանեց, որ առաջարկ ինքը չի ստացել. «Շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի, գնի տեսանկյունից: Եթե մենք տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող ենք ձեռքբերումներ անել՝ ինչու ոչ»:
Լրագրողները հարցրեցին Մարտակերտի զորամասում զինծառայողի դեպքի մասին. նա հայտարարել էր, թե սպայի կողմից սեռական բռնության է ենթարկվել: Նախարարը արձագանքեց. «Զինված ուժերը առողջ օրգանիզմ է, երբ որ ինչ-որ փոքրիկ թարախիկներ են լինում, ինֆեկցիաներ, միկրոբներ են լինում, բոլորը դրա մասին իմանում են: Լինում են այդպիսի բաներ ինչպես հասարակության մեջ, այնպես էլ Զինված ուժերում, բայց ԶՈՒ-ում՝ շատ ավելի քիչ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այսինքն, նորմա՞լ է դա, պարո՛ն նախարար՝ նա պատասխանեց. «Նորմալ չի, բայց լինում են պատահարներ, որոնք տրամաբանությունից դուրս են»: Տոնոյանն ասաց, որ դեպքի մասին լսել է, բայց մանրամասներ չգիտի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ