2019թ.-ի աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը՝ երկու երկրների համայնքային գործակցության խորացման տեսլականով: Այս մասին այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ջորջ Կեպենեկյանը:
Այս օրերին հանդիպելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ՝ նա զբաղվել է համաժողովի նախապատրաստական աշխատանքներով: «Վերջին մեկ տարում փոփոխություններ են եղել: Հայաստանն իսկապես հեղափոխություն ապրեց՝ իր ընտրություններով եւ քաղաքական իրավիճակով: Ֆրանսիան եւս այս ընթացքում հեղափոխական գործընթաց ապրեց, ուստի պետք է վերանայել մեր համագործակցության եզրերը»,-համոզմունք հայտնեց Ջորջ Կեպենեկյանը:
Նա նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար կողմերն այլեւս չպետք է բավարարվեն տարեկան մեկ-երկու հանդիպումներով, պետք է նպաստել նաեւ Ֆրանսիայի հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը. «Համաժողովը ենթադրելու է ՀՀ-ի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ գործակցության ծրագրեր եւ նախաձեռնություններ: Մենք ցանկանում ենք նման ձեւաչափով կապել երկու երկրների գերատեսչություններին, օրինակ՝ Առողջապահության կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններին: Նման մոտեցումներով մենք գործակցության նոր դռներ ենք բացում միմյանց համար»:
Ջորջ Կեպենեկյանը նաեւ տեղեկացրեց, որ Ֆրանսիայի 26 քաղաքներ ՀՀ-ում արդեն իսկ ունեն քույր քաղաքներ եւ վերջին տասնամյակներին նպաստել են դրանց զարգացմանը՝ երկկողմ համաձայնագրերի շրջանակում: Լիոնը Երեւանի հետ ունի գործընկերության եռամյա համաձայնագիր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ