Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյան. «Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, առերեսումներով»

Ապրիլ 26,2019 16:25

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները նշում են, որ ԱԱԾ-ն ուղղորդված եւ կանխակալ քննություն է իրականացնում, ի՞նչ խնդիրներ կան, ինչպե՞ս կգնահատեք դա: Այսօր այս հարցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում նման հայտարարությունները մեկնաբանել առհասարակ»: Դիտարկմանը, որ ԱԱԾ-ին քննադատում են, ասում են՝ գործ եք կարում՝ Վանեցյանը պատասխանեց, որ ՀՀ-ն 2018-ի ապրիլին տեղի ունեցած հայտնի իրադարձություներից հետո որեւէ գործ կարելու, գործ սարքելու դեպքեր չեն եղել. «Մենք կառուցում ենք իրավական պետություն եւ ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որ առաջադրված է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել: Երբ գործը կուղարկվի դատարան, դատարանում դուք բոլորդ եւ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում ու կգնահատեք այդ ապացույցների իսկությունը»:

Թե ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր կալանավորները այդ գործով ազատ արձակվեցին, տպավորություն է, որ ցուցմունք են տվել եւ բաց եք թողել՝ Վանեցյանը պատասխանեց. «Ես գիտեի, որ նման շահարկումներ լինելու են, դրա համար խնդրեցի, որ մեր մամուլի ծառայությունը հանդես գա հայտարարությամբ: ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաեւ գործը հսկող դատախազը բողոքարկել են Ադյանի մասով որոշումը եւ դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել: Մենք ներկայումս բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան եւ կսպասենք դատարանի որոշմանը: Տարոն Ավետիսյանի հետ կապված գնահատվել են նախաքննության ընթացքում ստացված արդյունքները, ես մանրամասն չեմ տիրապետում քննչական գործողություններին: Եթե նպատակահարմար են գտել բաց թողնելու՝ արել են»:

Վանեցյանը հորդորեց Սանասարյանի նկատմամբ հարուցված գործը չշահարկել: Նրա խոսքերով՝ «Մեծ աղմուկ է ստացել այդ գործը եւ իրեն մեղադրանք առաջադրելը: Ես, որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով ինձ վերապահված լիազորությունները: Անկախ նրանից՝ մեղադրվող անձը կլինի իմ ազգականը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պետք է կանգնի օրենքի առջեւ եւ պատասխան տա: Եթե նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք եւս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել, քան խիստ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930