Ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության անցկացման առիթով Երեւանի մետրոպոլիտենի ֆուտբոլային դիզայնով գնացքի առաջին ուղերթի արարողության ժամանակ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանը լրատվամիջոցներին ասաց. «Ես բազմիցս եմ շեշտել եւ մեր ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ իրենցով հետաքրքրվում են, իրենց հետեւում են: Ասում են, որ մեր ֆուտբոլի որակը ցածր է ու առաջնությանը մարդիկ չեն հաճախում: Ես համաձայն եմ դրա հետ: Ֆուտբոլը երկրպագուների համար է: Շատ երկրներում երկրպագուներն են թիմերին խաղաոճը թելադրում: Այսօր մենք նույնպես պետք է մեր տղաներին ոգեւորենք, ամեն կերպ աջակցենք, որպեսզի նրանք հասկանան, թե իրենց վրա ինչ պատասխանատվություն է դրված, որ Եվրոպայի առաջնությունում մի ամբողջ ազգ են ներկայացնելու:
Նախապատրաստությունն անցնում է նորմալ: Հավաքներ ենք անցկացրել Կիպրոսում, Լատվիայում: Խաղացել ենք մի քանի ուժեղ թիմերի, այդ թվում՝ բարձրագույն խմբի «Արցախ» թիմի հետ, հիմա ուզում ենք մի քանի այլ ուժեղ թիմերի հետ ընկերական հանդիպումներ կազմակերպել: Մեր նպատակը Եվրոպայի առաջնությունում լավ խաղեր անցկացնելն է ու հաղթանակների համար պայքարելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ