Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ են արել էդ մարդիկ, եթե բան են արել, գոհի, դժգոհի խնդիրը չի, կտանենք՝ կդատենք». Փաշինյանը՝ Էդուարդ Աղաջանյանի ու Գարիկ Սարգսյանի մասին

Ապրիլ 26,2019 15:49

Այսօր լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ դուք Երեւանի պետական համալսարանում հայտարարեցիք, որ 22 տարեկանում պետք է լեզուներ իմանալ, առնվազն 3 տարվա ստաժ ունենալ, այսինքն, համապատասխանել այն չափանիշներին, որոնք պետք է, ձեր կառավարության անդամները, ձեր խմբակցության պատգամավորները այդ որակներն ունե՞ն, օրինակ, Գարիկ Սարգսյանից, Էդուարդ Աղաջանյանից գո՞հ եք: Փաշինյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է Էդուարդ Աղաջանյանից դժգոհ լինեմ, կարո՞ղ եք ասել»: Լրագրողներն ասացին՝ աշխատանքային մասնագիտական ստաժ եք ասում, նա դիջեյ էր՝ վարչապետը արձագանքեց. «Դիջեյ լինելը ամո՞թ է: Մոնակոյի համալսարանն է ավարտել Էդուարդ Աղաջանյանը: Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներով այդպիսի բան տեղի չի ունեցել, ի՞նչն է պրոբլեմը: Որ ասում են՝ Հակոբ Արշակյանն ասաց՝ փետրվարի 30, վա՛յ»: Դիտարկմանը, որ դա ընդամենը վրիպակ է, այլ բան նկատի ունենք՝ վարչապետը պատասխանեց, որ պատրաստ է ավելի առարկայական ամեն ինչ քննարկել. «Ասում եք՝ գո՞հ եք կամ դժգո՞հ եք, ի՞նչ են արել էդ մարդիկ, եթե բան են արել, գոհի, դժգոհի խնդիրը չի, կտանենք՝ կդատենք»:

Լրագրողներն ասացին, որ դատելու մասին չի խոսքը, այլ նրա, որ որպես մարզպետ, օրինակ, Գարիկ Սարգսյանը, չի տիրապետում իր գործին՝ Փաշինյանն էլ պատասխանեց, որ որպես մարզպետ, Գարիկ Սարգսյանը ստացել է 20 հազարից ավելի ձայն՝ ազատ, արդար ընտրություններում: Մարզպետի աշխատանքը գնահատում է առաջին հերթին մարզի ժողովուրդը:

Դիտարկմանը, որ էյֆորիայի ազդեցության տակ ձայն են տվել՝ Փաշինյանը չհամաձայնեց՝ ասելով, որ «Իմ քայլը» այլ թեկնածուներ էլ է ունեցել, բա ինչո՞ւ նրանք չեն ստացել այդքան ձայն:

Aravot.am-ի հարցին՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը «ցիրկ» է, դուք ավելի շատ Մարտի 1-ի գործի վրա եք կենտրոնացած, բայց Հոկտեմբերի 27-ի գործի առնչությամբ ի՞նչ է հնարավոր անել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ոչ մի գործի վրա էլ կենտրոնացած չեմ, գործի վրա կենտրոնացած են քննչական մարմինները: Իմ խնդիրն է, որ ես ասեմ, որ իրենք ավելի պետք է կենտրոնացած լինեն, այդ թվում՝ Մարտի 1-ի գործի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930