Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով Երեւանի մետրոպոլիտենի առաջին գնացքի մեկնարկը այսօր տրվեց «Բարեկամություն» կայարանից: Այն մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին երեք ամիս կտեղեկացնի, որ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը անցկացվելու է Երեւանում, հուլիսի 14-ից 27-ը:
Արարողությանը մասնակցեցին ՀՖՖ գործկոմի անդամները, ներկայիս եւ նախկին աշխատակիցներ, Մ 19 հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանն ու ֆուտբոլիստները, պաշտոնյաներ, մշակույթի եւ սպորտի ներկայացուցիչներ:
ՀՖՖ 1-ին փոխնախագահ, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց, որ այս մրցաշարի կազմակերպման մակարդակից կախված է լինելու, թե հետագայում ՈՒԵՖԱ-ն ուրիշ ինչ մրցաշարեր կվստահի Հայաստանին: «Այդ պատճառով մենք ձգտում ենք, որպեսզի այս առաջնությունը՝ մինչեւ այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան առաջնություններից բոլոր առումներով ամենալավը լինի: Նախապատրաստական շրջանում Հայաստանի ամբողջ տարածքում լինելու են մասսայական ֆուտբոլի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ: Մենք նպատակ ունենք, որպեսզի ամբողջ Հայաստանը ներգրավված լինի, չնայած խաղերը տեղի են ունենալու միայն Երեւանում», – ասաց նա:
Aravot.am-ի հարցին, թե մեր հավաքականի առջեւ ինչ խնդիր է դրված եւ ինչպես է ընթանում հավաքականի նախապատրաստությունը, պարոն Մելիքբեկյանը պատասխանեց. «Խնդիրները կհստակեցնենք ավելի ուշ, քանի որ մենք առայժմ սելեկցիա ենք անում, վերջին շրջանում հրավիրում ենք հայ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են արտասահմանում: Նոր համալրումներ ենք սպասում, որից հետո խնդիրները կհստակեցվեն: Սակայն մի բան հաստատ է. չենք պատրաստվում ընդամենը մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Մեր համար խմբից դուրս գալը, կարծում եմ, շատ լավ արդյունք կլինի, որովհետեւ կազմը չափազանց ուժեղ է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեր հավաքականի նախապատրաստությանը, այդ թվում՝ ընկերական հանդիպումներին, առավելագույնն արդեն արվել է: Հանդիպել ենք ամենալուրջ հավաքականների հետ: Մենք երկու անգամ խաղացել ենք Ֆրանսիայի, հանդիպումներ ենք ունեցել Գերմանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի հետ: Հիմա բանակցում ենք ընկերական այլ հանդիպումներ ունենալու շուրջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ