Լրահոս
Օրվա լրահոսը

Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է

Ապրիլ 26,2019 15:22

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները:

Նշանակալի նվաճում են համարվում քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում /ցանկը ներկայացված է ՀՀ ԿԳՆ կայքում/, հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը, տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածները, տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցները, գիտակրթական մրցանակները:

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դիմորդները պետք է ներկայացնեն ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) արդյունքները, որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը:

Դիմորդի հետ անցկացված հարցազրույցի  փուլում հանձնաժողովի կողմից գնահատվում է մոտիվացիոն նամակը, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերը, համապատասխան կրթական ծրագիրն իրականացրած բարձրագույն ուսումնական հաստատության երաշխավորագիրը և դիմորդի հետ հարցազրույցը:Գնահատումը կատարվում է 100 բալանոց համակարգով. մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 65 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Բացի այդ` գերակայություն ճանաչված ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ:

Տարկետումը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930