«Որեւէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել: Կապ չունի, ես բազմիցս եմ ասել՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամները եւ բոլորը հավասար են օրենքի առաջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում հորդորել էր ախպերական մտածելակերպով չառաջնորդվել: Հարցին, թե ի՞նչ էր ուզում դրանով ասել, ովքե՞ր են ախպերական մտածելակերպով առաջնորդվում՝ վարչապետը պատասխանեց. «Դրանով ուզում եմ ասել, որ իրավիճակներին չպետք է վերաբերվել ըստ այն, թե մենք ում հետ ինչ հարաբերություններ ունենք»:
Aravot.am-ը վարչապետին հարցրեց՝ նորմա՞լ եք համարում, որ «Գոնսալեսը» Պրագայում է, պայմանականորեն ասած «Ռոդրիգեսը»՝ Մոսկվայում քաղաքական ապաստան է խնդրում, Խոսե Իգնասիոների մասին էլ դեռ չգիտենք, դուք վաղուց հայտարարել էիք Արամ Հարությունյանի մասին, ինչպե՞ս եղավ, որ նախաքննական մարմինը նրան բաց թողեց, կորավ տեսադաշտից՝ վարչապետը պատասխանեց. «Պատգամավորի կարգավիճակն օգտագործեց եւ տեսադաշտից կորավ, քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ»:
Հարցրեցինք՝ Միհրան Պողոսյանի մասին էլ մենք վաղուց գիտեինք, որ գործ է հարուցվելու՝ վարչապետն արձագանքեց. «Միհրան Պողոսյանն էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել ՀՀ-ից, ի՞նչ կա այդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պետք է ասեիք՝ բա ուր մնաց օրենքը, բա ուր մնաց օրինականությունը, օրենքի գերակայությունը: Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք անվտանգության խնդիր չե՞ք տեսնում՝ ՀՀ ՊՆ նախկին նախարարը դրսում է, ԴԱՀԿ նախկին պետը դրսում է, երկուսն էլ բարձրաստիճան սպաներ են, կարևոր պաշտոններ են զբաղեցրել՝ Փաշինյանը պատասխանեց. «Հարաբերական է՝ ԴԱՀԿ պետը դրսո՞ւմ է, թե՞ ներսում է»: Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ վարչապետն ասաց, որ ՀՀ ՊՆ նախկին նախարարը ՌԴ քաղաքացի է եւ պետք է այդ իրավիճակի հետ հաշվի նստել: Նա նշեց, որ օրենսդրության բերումով չեն կարող արտահանձնել. «Ես չեմ ուզում փակագծեր բացել, մենք գիտենք, որ բացահայտ հանցագործ մարդ կա մեր երկրում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է եւ ակնկալում են, որ պետք է հանձնենք, բայց մենք չենք կարող հանձնել, որովհետեւ ինքն ունի ՀՀ քաղաքացիություն: Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է ասում, որ ինքը հանցագործ է, բայց մենք այդ հարցը չենք կարողանում լուծել: Հիմա Չեխիան մեզ մեղադրի, որ մենք իրենց անվտանգությա՞նն ենք սպառնալիք ստեղծում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ