«Իդրամ» վճարահաշվարկային համակարգը հանդես է եկել նոր տեսքով և հնարավորություններով` ներկայացնելով նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը։
Այս փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։
«Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք փորձել ենք մի քայլ առաջ նայել ու մեր օգտատերերին առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան առաջադեմ ծառայություններ, որոնք ժամանակի հրամայականն են եղել։ Այսօր արդեն Idram-ը հասել է մի կետի, որից այնկողմ այլևս անհրաժեշտ են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին փոփոխություններ՝ մեր օգտատերերին առաջարկելու նոր գաղափարախոսություն և որակապես բոլորովին այլ մակարդակի միջավայր ու ծառայություններ, ուստի այս ամենը խիստ տրամաբանական շարունակությունն է անցած տարի հայտարարված փոփոխությունների՝ կապված նոր թվային հարթակի ստեղծման հետ»,- ասել է Արսեն Քդենյանը։
Հիշեցնենք, Idram-ը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր IDBank-ի հետ համատեղ նոր թվային հարթակի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին բջջային հավելվածի և վեբ ինտերֆեյսի միջոցով՝ միասնական հարթակում ստանալ և վճարահաշվարկային, և բանկային ծառայություններ, որոնք համապատասխանաբար առաջարկելու են Idram-ը, IDBank-ն ու հարթակի այլ գործընկերները ։ Բացի այդ բջջային հավելվածով հնարավոր է գործընկեր խանութներում և ռեստորաններում կատարել անհպում վճարումներ QR-կոդով, NFC-ի միջոցով՝ ստանալով ակնթարթային Cashback Idram-ի դրամապանակին։ Հարթակն ունի այլ առավելություններ ևս։
Idram-ը ներկայացրել է նաև նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը, որում ընդգրկված ծառայությունների ցանկն ու գործիքակազմը շարունակաբար համալրվելու են առաջիկա շաբաթների ընթացքում։