Արարատի մարզի Նարեկ գյուղի ղեկավար Գարուշ Հակոբյանը պարզաբանում է 250-ից ավելի ծառերի հատման շուրջ վերաբերյալ ահազանգը:
Ըստ նրա՝ հատված ծառերի վայրում ավագանու որոշմամբ, կառուցվում է հանրային զբոսայգի. «Զբոսայգի է, երեխաների խաղահրապարակ, երեք հատ զրուցարան է կառուցվում, նստարաններն են դրվում, արահետներն են կառուցվում եւ լուսավորություն ու ջերմագոտի է նախատեսված»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը:
Գարուշ Հակոբյանը զարմացած է՝ համայնքի բնակիչները բողոքում են ծառերը հատելու փաստից. «Էդ ո՞ր բնակիչներն են դժգոհություն հայտնել, որ ծառերը կտրվել են: Մինչեւ անունները չտաք, հարցերի չեմ պատասխանի»:
Նա հենց լսեց իր համագյուղացի դժգոհող Վարսենիկ Վարդանյանի անունը՝ պատասխանեց. «Հենց ինքն է բողոքավորը, մենակ ինքն է բողոքում: Ես հիմա պատասխանում եմ իմ համայնքի ավագանու անդամների ու բնակիչների հետ միասին, 1300 բնակչից 1295-ը՝ բացի Վարսենիկից ու իր տան անդամներից, մնացածը համաձայն են, որ զբոսայգի կառուցվի, այդ թվում նաեւ ավագանին: Ես՝ որպես համայնքապետ, ենթարկվում եմ ավագանուն ու ավագանու որոշումներին: Այդպես էլ կատարվել է: Եկեք մեր գյուղ, փաստաթղթերով ապացուցեմ»:
Կարդացեք նաև
Գարուշ Հակոբյանը վստահեցրեց, որ հատված ծառերը երկու հարյուրից ավելին չեն. «Նախ՝ ոչ մեկը չի հաշվել»:
Իսկ ինչու է բողոքում Վարսենիկը, ի պատասխան մեր այս հարցին, գյուղապետն ասաց. «Ասում է՝ տվեք ինձ: 4 հեկտար հող ունի, կեսը մշակում է, վեց հատ էլ տնամերձ ունի, տղան էլ գնացել է ապառիկ ուրիշից հողամաս է վերցրել, տուն է սարքում: Ինչ եք ուզում, նա այդպես բողոքական է, ընդառաջեցինք, հա ընդառաջեցինք, հիմա դուրս է գալիս, որ չպիտի անեինք, պետք է տուգանեինք ու շուտ կտրեինք: Ի դեպ, այդ ծառերն էլ, որի հատման համար բողոքում է, իմ օրոք չի տնկել: Դու իմ այգու մեջ ես տնկել, կուզեմ, կկտրեմ, չեմ ուզի՝ չեմ կտրի: Իմ ասելով՝ հասկանում եմ իմ համայնքը, որի ղեկավարը ես եմ ու կատարում եմ ժողովրդի ու ավագանու որոշումը: Մի հոգի ինքն է իր տնեցիներով բողոքում ու այսքան աղմուկ է արել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ