Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «ՀՀԿ-ն սիրում է ասել՝ Լավրովի պլան։ ՀՀԿ-ն ոչ միայն սիրում է այդպես որակել այդ մոտեցումը, այլև այդ պլանն է սիրում, որովհետև այդ ծրագիրը, ըստ էության, նրանք ստորագրել են». «Իրատես»

Ապրիլ 26,2019 12:49

Այս շաբաթ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն առանց օրակարգի է գնում բանակցությունների, այլև հակամարտության լուծման հայեցակարգ չունի։ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի:»: «Իմ քայլը» խմբակցության արտաքին հարաբերությունների ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻՑ այս հայտարարության առնչությամբ տեսակետ խնդրեցինք։

-Անկախ հանգամանքից, որ առանց հստակ բանաձևի պետք է գնալ բանակցությունների, հայկական կողմը չպե՞տք է ունենա որոշակի պատկերացում, թե ինչ է ուզում ստանալ հակամարտության լուծման արդյունքում։

-Չգիտեմ, թե Դուք ինչ պատկերացման մասին եք ակնարկում, բայց հստակ է մի բան՝ Արցախն անկախ պետություն է, մենք դա ճանաչում ենք։ Այսօր մենք խոսում ենք բանակցությունների մարտավարության մասին։ Մեր օրակարգում են նաև նախկին իշխանությունների ժամանակ համաձայնեցված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այն է՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատճառով տապալված բանակցությունների վերսկսում։ Իսկ վերսկսելու համար անհրաժեշտ է բացառել ռազմատենչ հայտարարությունները, ատելության խոսքը, ստեղծել վստահության մթնոլորտ։

-Եթե ձեր օրակարգում են նախկին իշխանության ժամանակ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչու՞ դրանք չեն արտահայտվում համանախագահների վերջին հայտարարություններում։

-ՈՒղղակի ձևով արտահայտվում են։ Եթե վերջին հայտարարության տեքստը դիտարկենք, պարբերություն առ պարբերություն վերցված է Վիեննայի այդ համաձայնությունից։

-ՀՀԿ ներկայացուցիչները, սակայն, հակառակն են պնդում, որ չկա ուղղակի հղում այդ պայմանավորվածություններին։

-Նախկին իշխանության ներկայացուցիչներն անհեթեթ, անիմաստ հայտարարություններ են անում, ժողովրդին շեղում են իրական բովանդակությունից։ Վստահ եմ, որ նրանք կարդացել են վերջին հայտարարությունները և տեսել են, որ դրանք ուղղված են նաև նախկին այդ պայմանավորվածությունների իրականացմանը։ Ավելին, արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ կոնկրետ քայլեր են քննարկվել, այն է՝ հումանիտար միջոցառումների անցկացում։ Երբ վստահ չես, որ մյուս կողմն ագրեսիվ պահվածք չի ցուցաբերի, չես կարող նստել սեղանի շուրջ և բանակցել ինչ-որ բանից։

-Արտգործնախարարների այդ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քննարկվել է նաև, այսպես կոչված, Լավրովի պլանը։

-Լավրովին ասուլիսում հարցրել են Մամեդյարովի հայտարարության մասին, իսկ նա ուղղակի ասաց, որ Մամեդյարովն է այդպես մտածում։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, որ հանդիպման ժամանակ քննարկել են հայտնի մոտեցումը, որը ՀՀԿ-ն սիրում է ասել՝ Լավրովի պլան։ ՀՀԿ-ն ոչ միայն սիրում է այդպես որակել այդ մոտեցումը, այլև այդ պլանն է սիրում, որովհետև այդ ծրագիրը, ըստ էության, նրանք ստորագրել են։ Եթե Ադրբեջանի ղեկավարը ժամանակին գար, ինքն էլ կստորագրեր այն, և այսօր 5 շրջանները տված կլինեին Ադրբեջանին։ Հիմա այդ պլանը գոյություն չունի, այդպիսի հարց բանակցություններում չկա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930