Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տրանսգենդերի պատմական ելույթից հետո LGBTI անձինք մահվան սպառնալիքներ են ստանում. The Guardian

Ապրիլ 26,2019 12:26

Հայաստանում խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերը մահվան սպառնալիքներ է ստանում: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:

«Հայաստանում առաջին անգամ էր, երբ տրանսգենդեր կինը ելույթ է ունենում բարձր ամբիոնից… խոսելով տրանսգենդերների նկատմամբ բռնության մասին,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը Guardian-ին:- Տրանսատյաց մի մարդ դանակով եկել էր Ազգային ժողովի մոտ՝ հայտարարելու, որ կսպանի ինձ, և ինձ նմաններին պետք է սպանել… Ես Facebook-ով և էլհասցեիս բազմաթիվ նամակներ եմ ստացել տարբեր մարդկանցից, որոնք ասում էին, որ կգտնեն ու կսպանեն ինձ»:

Մարտիրոսյանը նաև պատմել է, որ տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իր «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության մի քանի անդամների, այդ թվում իր տան հասցեները տարածվել են համացանցում, և տարբեր ծայրահեղական խմբեր սպառնում են «գտնելու դեպքում սպանել իրենց»:

Մարտիրոսյանը նաև նշել է, որ հեղափոխության օրերին ինքը և իր բազմաթիվ գործընկերներ եղել են առաջին շարքերում, քանի որ հավատում էին, որ իրենց իրավունքները կպաշտպանվեն նոր Հայաստանում:

Թերթը նկատում է, որ թեմայի մասին թշնամանքով են խոսում նաև քաղաքական գործիչներ: Մասնավորապես, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից Վարդան Ղուկասյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Ուղարկեք նրանց Հոլանդիա: Մենք ցանկանում ենք… որպեսզի կինը կինի լինի, տղամարդը՝ տղամարդ: Չես կարող կնոջը խառնել տղամարդու հետ: Ամոթ է»:

Թերթը նաև հիշատակում է անցյալ տարի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ գյուղի բնակիչները քարեր էին նետել մի խումբ LGBTI ակտիվիստների վրա: Դրանից հետո «Ծիածան Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Հայկ Հակոբյանը, որը նույնպես այդ ժամանակ բռնության էր ենթարկվել, ստիպված էր հեռանալ երկրից և ապաստան ստանալ Նիդերլանդներում: «Ես հեռացել եմ Հայաստանից, քանի որ հարձակման եմ ենթարկվել և վտարվել իմ տնից: Ես փախել եմ Հայաստանից, քանի որ իմ երկրում արդարություն չկա»,- ասել է նա թերթի հետ զրույցում:

Ընդ որում, նա նկատել է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում LGBTI համայնքի նկատմամբ ոչ մի դրական զարգացում չկա:

«Դատական համակարգում կոռուպցիան և կամայական որոշումները շարունակվում են,- ասել է նա:- Մարդիկ, ովքեր 2018թ. հարձակվել էին իմ ու ընկերներիս վրա, ներում են ստացել և հիմա ազատ հանցագործներ են, որոնք առաջ են տանում LGBTI անձանց դեմ բռնություն գործելու գաղափարները: Սա նախադեպ է, որտեղ Հայաստանում մարդիկ կարող են տեսնել, որ LGBTI անձանց դեմ բռնությունն անպատիժ է մնում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930