Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը կտրվի Մնջախաղի պետական թատրոնին, սակայն դեռ որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ. «Հրապարակ»

Ապրիլ 26,2019 12:09

Մոտ կես տարի առաջ մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող նախկին հանրապետական զինկոմիսարիատի շենքը կտրվի Մնջախաղի պետական թատրոնին։ Սակայն, ի հեճուկս պաշտոնական հայտարարության, դեռ որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասում է, որ իրենց նամակներին ու զանգերին նախարարությունից չեն պատասխանում. «Փաստորեն, ճիշտ բարեփոխումներ արեցին, ո՛չ հարցեր կլինեն, ո՛չ էլ հարցերին պատասխանող»։

Դադասյանը չգիտի, թե որն է գործընթացի դանդաղման պատճառը։ «Խնդիրը կարեւոր է նրանով, որ պետք է լինի այդ թուղթը՝ կառավարության որոշման տեսքով։ Այսինքն՝ դա պետք է արվի, որ կառավարության որոշումով այդ հատկացումը լինի, ու նոր դրա հիման վրա կարողանան տենդեր հայտարարել, եւ դրանից հետո էլ նախագիծն ու շինարարությունն արվեն։ Ավելին ասեմ՝ ես տեղեկացված եմ, որ Քաղաքաշինության պետական կոմիտեում մեր թատրոնի շինարարության համար հատկացված գումար կա՝ մոտ 50 մլն-ի չափով, որն անցյալ տարվանից տեղափոխվել է այս տարի եւ սպասում է, այսպես ասած՝ իր բուն նպատակի կիրառմանը։ Եթե այդ շենքը լինի, որը մեզ խոստացել են, ապա կարծում եմ՝ նույնիսկ այդ գումարը կարող է բավարար լինել, որ այդտեղ վերակառուցումն արվի»,- ասում է Դադասյանն ու նկատում, թվում է՝ ամեն ինչը կա, բայց ոչինչ չի արվում։

Թե ով է այս պահին գործընթացն արգելակում, Դադասյանը դժվարանում է ասել. «Ես չգիտեմ, թե իմաստը որն է արգելակելու, եթե պետք է տանեն, կամերաների առաջ ցուցադրեն, ասեն՝ այս շենքը ձերն է լինելու, մնում է թղթային հարցերը լուծենք, դրանից հետո արգելակելն ի՞նչ իմաստ ունի։ Ինձ թվում է՝ ինչ-որ խնդիրներ կան, որոնց մասին մենք ուղղակի չգիտենք։ Ի տարբերություն մեր շենքի, օրինակ՝ Համազգային թատրոնի դեպքում շենքը մասնավորն է կառուցում, եւ նախկին իշխանությունների օրոք Արմեն Ամիրյանն էր համաձայնության եկել կառուցապատողի հետ։ Դա մասնավորն է կառուցում, իրենց հատկացում է արվել ինչ-որ հողատարածք, որի դիմաց պարտավորվել են կառուցել այդ շենքը։ Այդտեղ պետբյուջեից գումար էլ չի ծախսվելու։ Իսկ մեր խնդիրը բոլորովին այլ է, ընդամենը ինչ-որ բան պետք է արվի, որը չի արվում կամ ականջի հետեւ է գցվում, կամ ուրիշ խնդիր կա, որի մասին չգիտենք»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930