Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դժգոհությունը բխում է նրանից, որ ԱԱԾ-ն գործում է որոշակի շահերի շրջանակո՞ւմ, թե՞ պետական կառավարման համակարգում կան օղակներ, որոնք են գործում այլ շահերի շրջանակում. «Ժամանակ»

Ապրիլ 26,2019 11:50

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Արմավիր քրեակատարողական հիմնարկում ԱԱԾ իրականացրած օպերատիվ գործողություններին և դրա ընթացքում հայտնաբերած չարաշահումների և խախտումների մասին տարածած հաղորդագրությանը, ի թիվս մի քանի մեկնաբանության, արել է ուշագրավ մի դիտողություն կամ դատողություն՝ արդյո՞ք ԱԱԾ-ն ունեցել է օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն: Ունեցե՞լ է, թե՞ ոչ, դա իհարկե կպարզվի, սակայն ինքնին նախարարի բարձրաձայնումն այդ առիթով, որի ենթակայության ներքո է փաստացի գտնվում կառույցը, արդեն իսկ ուշագրավ է: Դա այլ բան չէ, քան որոշակիորեն քողարկված դժգոհություն ԱԱԾ-ից, այսպես ասած՝ «ինքնագործունեության» բավականին նկատելի ակնարկով: Այս հանգամանքն էլ իր հերթին ուշադրություն է գրավում ԱԱԾ հարուցած մեկ այլ գործի առիթով, որը ևս վերաբերում է պետական գերատեսչության, այս դեպքում Պետական վերահսկողական ծառայությանը, դրա պետին ներկայացված հայտնի մեղադրանքով:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն ու նրա մերձավորները պնդում են, որ հարուցված գործը շինծու է, իսկ ԱԱԾ-ն հետապնդում է «այլ» նպատակներ: Այդ կապակցությամբ եղան նաև ավելի լայն գնահատականներ հանրային տարբեր խմբերից, ինչից հետո բավականին կտրուկ և զգուշացնող արձագանք տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն գնահատելով արձագանքներն ու համարելով, որ դրանք իրենց մեջ պարունակում են որոշակի ռիսկեր: Փաշինյանը հայտարարեց, որ պետք է թողնել, որպեսզի քննությունն իրականանա, և եթե ոմանք փորձեն խանգարել դրան, ինքն իր իրավասության տակ եղած միջոցներով ապահովելու է քննության բնականոն ընթացքը:

Ահա այս ֆոնին արդարադատության նախարարի քողարկված, սակայն շոշափելի տրտունջը հարց է առաջացնում, թե արդյո՞ք պետական կառավարման կամ իշխանական համակարգում ձևավորվում է ԱԱԾ հանդեպ որոշակի, այսպես ասած, դժգոհություն: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Այդ դժգոհությունը բխում է նրանից, որ ԱԱԾ-ն գործում է որոշակի շահերի շրջանակո՞ւմ, թե՞ պետական կառավարման համակարգում կան օղակներ, որոնք են գործում այլ շահերի շրջանակում, իսկ ԱԱԾ-ն տվյալ դեպքում իր գործողություններով ոչ միայն թույլ չի տալիս, այլ սպառնում է բացահայտել իշխող համակարգ, կառավարման համակարգ ներթափանցած այլ շահերը, որ կարող են սպասարկվել տարբեր օղակներում և գերատեսչություններում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930