Հիմնական քննարկումն ընթանում է ուժային կառույցների, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության շուրջ։ Երբեմն հիշատակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի անունը։ Եվ վիճարկվում է հետևյալ հարցը. Փաշինյանը՝ որպես վարչապետ, իշխանական համակարգը հավասարակշռության բերելու համար չպե՞տք է արդյոք այդ կառույցներն օրենքի ուժով իր վերահսկողությունից հանձնի խորհրդարանին։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ու՞մ վերահսկողության տակ պետք է լինեն ուժային կառույցները՝ խորհրդարանի՞, թե՞ վարչապետի. ահա այս համատեքստում են վերջին քննարկումները։
Հասկանալի է, որ այս համակարգը Սերժ Սարգսյանը նախապատրաստել էր անձամբ իր համար։ Այն ժամանակ խնդիր էր դրված բոլոր լծակները փոխանցել վարչապետին, որպեսզի վերջինս դեֆակտո պահպանի նախկին նախագահական լիազորություններն ու վերահսկողության գործիքները։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները բացատրության հարմար տարբերակ են գտել։ Քաղաքական ոչ համոզիչ կլիշեների հավաքածու են մեջբերում՝ իբրև թե չեն ցանկանում քաղաքականացնել ուժային կառույցները։ Սա իհարկե բավականին թույլ փաստարկ է. Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում այդ կառույցներն ունեցել են նախարարության, առընթեր կոմիտեների, ծառայությունների կարգավիճակ, ու անկախ ամեն ինչից, դրանք դեֆակտո քաղաքական են եղել՝ հանդես գալով որպես օրվա իշխանությունների պատժիչ գործիքը։
Այս տեսակետից ակնհայտ է, որ եթե նույնիսկ այժմ Նիկոլ Փաշինյանը համարի, որ կարող է ուժային կառույցները հանձնել խորհրդարանական վերահսկողությանը, ապա ոչինչ չի փոխվի, քանի որ այնուամենայնիվ, ԱԺ քաղաքական ճնշող մեծամասնությունն առանձնապես ոչ մի լուրջ վերահսկողություն չի կարող ունենալ, քանի որ վարչապետը միևնույն է, անձամբ է կառավարելու այդ համակարգերը։ Խնդիրն ավելի շուտ ֆորմալ բնույթ ունի։
Կարդացեք նաև
Քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, տեսնելով, որ իրենց փաստարկները լուրջ չեն ընդունվում, խուսափելու համար բարձրացվող աղմուկից, առաջարկեց օրենսդրական փոփոխություններ մտցնել և օրենքի ուժով ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարներին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու հնարավորություն տալ, ինչով որոշակիորեն կկարողանան բավարարել ընդդիմության նկրտումները, մեղմել իրավիճակը։ Սակայն կարծես թե այսքանով թեման չի ավարտվում։
Սա բանավեճի արտաքին շղարշն է։ Իրականում իհարկե ուժայինների պահպանման միտումը սկզբունքային, նույնիսկ պրագմատիկ ու կիրառական նշանակություն ունի գործող վարչապետի համար։ Բանն այն է, որ այսօր ձևավորված է մի կարծիք, որ իրավիճակից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանը՝ շատ լավ հասկանում է, որ անցած մեկ տարվա ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ իրեն չի հաջողվել ստեղծել իր հստակ հենարանները։ Վարչապետը գիտակցում է, որ այսօր ինքն ունի ընդամենը մեկ հենարան՝ հանրային աջակցությունը։ Այդ աջակցությունը, մեկ կամ կես տարվա կտրվածքով դիտարկելիս, անհամեմատ նվազել է։ Թեև ինքը՝ Փաշինյանը, այդ փաստը վերջերս հրապարակայնորեն ժխտեց, սակայն շատ լավ գիտի, որ իր միակ հենարանը հանրության մի զանգվածն է, որը շատ հեղհեղուկ է և նվազելու միտում ունի։ Բնական է, որ հասարակության մեջ ծագած սպասումները չբավարարվելով, այդ հենարանը աստիճանաբար հիասթափվելու է, ուստի այդ ռեսուրսն ամսեամիս մաշվելու է։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում