Լրահոս
Օրվա լրահոսը

«Նռան գույնը» «աղբից» մինչեւ «Ստամբուլի ընկեցիկը» եւ «Վաղը ուշ կլինի»-ն

Ապրիլ 26,2019 16:00

Հարցազրույց ամերիկաբնակ գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ

– Տիկին Մադոյան-Ալաջաջյան, դուք թեեւ 1980-ականների սկզբից մշտական բնակություն եք հաստատել Սան Ֆրանցիսկոյում, սակայն հայ լայն լսարանին առավել հայտնի դարձաք շուրջ 10 տարի առաջ թուրք վիպագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» երկի թարգմանությունից հետո: Ինչո՞ւ էիք հրաժարվել «բիճ» բառից… Իհարկե, թատրոնի մարդիկ եւ հանդիսատեսը մինչ այսօր էլ առիթի դեպքում հիացմունքով են հիշում Երեւանի ռուսական թատրոնում ձեր «Քաջ Նազարի թոռները» կոմեդիայի Ռաֆայել Գրիգորյանի իրականացրած բեմադրությունը: Այս օրերին էլ Երեւանում եք կոմեդիայի թատրոնում ձեր «Վաղը ուշ կլինի», դարձյալ կոմեդիայի ժանրում գրված ստեղծագործության պրեմիերայի առիթով: Ասում են, որ ԱՄՆ-ում ձեր գործերը ավելի հաճախ են բեմադրվում: Մինչդեռ հայրենիքում դրանք ընդամենը երկուսն են…

– Սկսեմ «Ստամբուլի բիճ»-ից: Ես այն թարգմանել եմ բնագրից, որն անգլերեն էր եւ պետք է դարձյալ նշեմ, որ հիացած եմ ազգությամբ թուրք վիպագրի համարձակությունից: Նա ստիպեց օտար ընթերցողին ավելի խորը մտածել Հայոց ցեղասպանության խնդրի մասին, բարձրաձայնելով հարցեր, որոնք հասկանալի պատճառով Թուրքիայում սովորաբար չեն հնչում: Իսկապես, օտար գրողները կարծես շատ ավելի լավ են ներկայացնում ցեղասպանությունը, քանի որ հայերիս մաշկի տակ այդ ցավն այնքան է նվվացել ու շարունակում նվվալ, որ կարծես էլ չենք կարողանում օտարվել ու կողքից նայել 20-րդ դարի այդ մեծ աղետին: Ես հրաժարվել եմ «բիճ» բառից, այն փոխարինելով ընդամենը գրական «ընկեցիկ» բառով: Իսկ ինչու չօգտագործվեր գրական բառը: Չէ՞ որ հայագետներ ունենք աշխարհում, իսկ այդ գիրքը թարգմանվել է 30 լեզուներով… Ինչ վերաբերում է գրվածքներս ԱՄՆ-ում ավելի հաճախ բեմադրելուն, այդտեղ հարցականներ չկան: Գիտեք, որ հայաստանցի շատ դերասաններ վաղուց բնակություն են հաստատել օվկիանոսից այնկողմ, որտեղ բնակվում է նաեւ ամուսնուս եղբայրը՝ մասնագիտությամբ ռեժիսոր Զոհրաբ Ալաջաջյանը, որն էլ բեմական «հանդերձանք» է տալիս որոշ ստեղծագործություններիս:

Երեւանի կոմեդիայի թատրոնն էլ սիրահոժար համաձայնեց Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով բեմ բարձրացնել «Վաղը ուշ կլինի» ստեղծագործությունս…

– Հայերս թեւավոր խոսք ունենք՝ «այսօրվա գործը վաղվան մի թող», որը նույն իմաստն է արտահայտում, ինչ ձեր «վաղը ուշ կլինի»-ին… Հայտագրից տեղեկանում ենք, որ պրեմիերային երկու ներկայացում է ընդամենը՝ ապրիլի 26-ին եւ 27-ին, հետեւաբար, ցանկության դեպքում նույնիսկ, մեր ողջ թատերասեր հանրությունը չի կարող դիտել ներկայացումը: Կխնդրենք հակիրճ ներկայացնել սցենարը:

– «Վաղը ուշ կլինի»-ն գրելը ինձ դրդեց, մտահոգեց այսօրվա հայաստանյան թատրոնների դերասանների, այդ թվում՝ ճանաչված եւ սկսնակ, մղումը դեպի էժանագին սերիալներ: Իհարկե, հասկանալի է, որ նրանք այդ քայլին են գնում հիմնականում գումար վաստակելու նպատակով: Սկսնակների դեպքում այն նաեւ գովազդ է, ճանաչվածներն էլ հավանաբար երեւում են սերիալներում, որպեսզի չմարի նրանց ճանաչված լինելը եւ այլն: Ինչ վերաբերում է «Վաղը ուշ կլինի»-ի սցենարական գծին, այն հետեւյալն է. թատրոնի մարդիկ եւ մեկ լրագրող իրենց առջեւ խնդիր են դնում սերիալի միջոցով ճանաչում ստացած ու սիրելի դարձած դերասանին թատրոն բերելու, նրան վստահելով Համլետի դերը: Դերասանը չի ցանկանում, չէ՞ որ սերիալներում փող է աշխատում, ինչը չկա թատրոնում կամ աշխատավարձը ցածր է… Այս ստեղծագործության մեջ ես կենդանացրել եմ մեծանուն Վահրամ Փափազյանին, բայց տեսիլքի կերպարով: Նա մի տեսարանում դերասանի հետ խոսելիս ասում է՝ քո կյանքից չեմ հեռանալու, մշտապես անհանգստացնելու եմ քեզ, մինչեւ որ դու ԴԵՐԱՍԱՆ չդառնաս, ես մնալու եմ տեսիլք… Կարճ ասած՝ ի վերջո դերասանը համաձայնում է Համլետ խաղալ:

– Հետաքրքիր է՝ Վահրամ Փափազյանի դերը այսօր ո՞ր դերասանը կարող է խաղալ՝ սերիալից թատրոն բերելով իր կրտսեր գոծընկերոջը կամ պարզապես գործընկերոջը:

– Հակոբ Ղազանչյանը, իհարկե՝ մե՜ծ ցանկության դեպքում (ժպտում է):

– Երեւանում հիմնել եք ամսագիր…

– Այո, 2018-ին հրատարակվեց «Արձագանքի» առաջին համարը, իհարկե, իրականացրի նաեւ նույնանուն մրցանակաբաշխությունը: Ի դեպ, մրցույթ՝ որպես այդպիսին, անցկացրել եմ դեռեւս 2017թ., որի նպատակն է ոգեւորել արվեստասեր երեխաներին ու երիտասարդներին:

– Դուք գրող եք, թարգմանիչ, բայց ստացվում է, որ, ի տարբերություն հայաստանցի ձեր գործընկերների՝ հնարավորություն ունեք միաժամանակ գործունեություն ծավալել մի քանի ոլորտներում:

– Նախորդ հարցին ի պատասխան մոռացա նշել, որ երկրաշարժից հետո ԱՄՆ-ում հիմնել եմ «Արձագանք» շահույթ չհետապնդող ընկերությունը եւ օգնության ձեռք ենք մեկնում Գյումրիի մանկատներին, մանկապարտեզներին: Կներեք, շատ չեմ սիրում խոսել այդ մասին: (Երկրաշարժի զոհ է դարձել մեր զրուցակցի քույրը): Իսկ հիմա պատասխանեմ ձեզ հետաքրքրող հարցին, այն է հնարավորություններս (ժպտում է): Ամուսինս՝ Գեւորգ Ալաջաջյանը հայտնի դեմք է ԱՄՆ-ում, «Սիլիկոնյան հովտի» կառույցներից մեկի պրեզիդենտը… Այս պահին ամուսնուս, նրա եղբոր՝ մասնագիտությամբ ճարտարապետ Արամի եւ մեր մյուս ընկերների հետ աշխատում ենք Լոս Անջելեսում հայկական թանգարան հիմնելու ուղղությամբ: Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եմ հաղորդել հաջորդ գալստյանս ժամանակ:

– Տիկին Մարո, հավատացնում ենք՝ մինչ օրս լեգենդների հավասար խոսակցություններ են շրջանառվում ձեր երջանկահիշատակ հոր հասցեին, որը երկար տարիներ գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիան, նույնիսկ ասում են՝ «Նռան գույնը» չէր լինի, եթե այդ գործին «խառնված» չլիներ Ռազմիկ Մադոյանը:

– Ես առանց ներողություն հայցելու կարող եմ հայտարարել՝ այո, ճիշտ են ասում, եւ ոչ միայն «Նռան գույնը»: Այս պահին հակիրճ ներկայացնեմ հետեւյալը. խորհրդային տարիներին, երբ «Հայֆիլմի» խորհուրդը դիտում էր փարաջանովյան գոհարներից «Նռան գույնը», իսկ խորհրդի կազմում էին նույնիսկ անվանի գրականագետներ, արվեստաբաններ… Ֆիլմի ավարտից հետո բոլորը միաբերան արտահայտվեցին՝ սա աղբ է, նույնիսկ կինոժապավենին պետք չէ ձեռք տալ… Հայրս վերցրեց ֆիլմը ու մեկնեց Մոսկվա… Ավելի մանրամասն այս եւ մյուս ֆիլմերի ճակատագրերի մասին հայրս հետագայում գրել է իր «Սերգեյ Փարաջանյան» գրքում: Իհարկե, Մոսկվայում կրճատել են, կրճատել են… Ցավում եմ, որ այն, ինչին ծանոթ ենք, դա պարզապես մի պատառիկ է ֆիլմից:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

26.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930