Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ նոր աշխատատեղերի իր՝ բազմիցս հնչեցրած թվերին:
Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է՝ Հայաստանում մեկ տարվա ընթացքում, հեղափոխությունից հետո ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ հիսուն հազար աշխատատեղ:
Նա հիշեցրեց նաեւ իր ելույթը ԵԽԽՎ-ում որտեղ եւս այդ մասին խոսել է, ու իր ելույթից հետո եղան հրապարակային արձագանքներ, որով կասկածի տակ էր առնվում Փաշինյանի հնչեցրած այդ թիվը:
Փաշինյանը ՊԵԿ-ից ստացել է այդ աշխատատեղերի, իր խոսքերով ասած՝ բացվածքը եւ այն ներկայացրեց ուղիղ եթերում՝ թվերով եւ ոլորտներով:
Կարդացեք նաև
Ըստ այդմ, Հայաստանի հանրապետությունում 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ 50 հազար 141-ով ավելի աշխատատեղ է գրանցվել:
Նշված ժամանակահատվածում՝ 2019 թվականի հունվարին, 2018 թավականի հունվարի նկատմամբ աշխատատեղերի աճի ցուցանիշը՝
Մեծածախ եւ մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների նորոգում՝ 16 427 աշխատատեղի աճ:
Մշակվող արդյունաբերությունում՝ 9551 աշխատեղի աճ:
Կացության եւ հանրային սննդի կազմակերպում՝ 8334 աշխատատեղի աճ:
Սպասարկման այլ ծառայությունների ոլորտ՝ 2574
Տեղեկատվություն եւ կապ՝ 2260
Վարչարարական եւ օժանդակ գործունեություն՝ 1834
Ֆինանսական եւ ապահովագրական գործունություն՝ 1348
Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն՝ 1063
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն՝ 1056
Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում՝ 1033
Կրթություն՝ 892
Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում՝ 749
Այլ՝ 718
Պետական կառավարում եւ պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 345: «Եվ այսպես 22 տող»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով այս աշխատատեղերի քանակի մասին կասկածներին, թե դրանք կարող են իրական չլինել, Փաշինյանն ասաց. «Չի կարող լինել այդպիսի բան, որովհետեւ այս թվերը ձեւավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ընկերությունն ինքը՝ ոչ թե մենք ենք գնացել հայտնաբերել այդ աշխատատեղը, այլ մարդիկ իրենք հարկային հաշվետվությունների հետ ներկայացրել են աշխատատեղերի իրենց թիվը եւ ունեցել ենք այսպիսի պատկեր»:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ ամենահավանական վարկածն այն է, որ այդ ցուցանիշը ստվերի կրճատում է, բայց նաեւ նոր բացված աշխատատեղեր էլ կան:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա թիվ է, որը չի կարող որեւէ կերպ կասկածի տակ դրվել: Եթե անհրաժեշտություն լինի, մենք ըստ ընկերությունների կարող ենք իմանալ, թե որ ընկերությունն ինչքան աշխատատեղի ավելացում է տվել: Բայց այս պահին այդ տեղեկատվությունն, կարծում եմ, էական չէ, հետաքրքիր չէ»:
Վարչապետի խոսքով՝ հնարավոր է ոմանց համար այս թվերը ֆանտաստիկայի ժանրից թվան. «Բայց այս ֆանտաստիկան այսօր իրականություն է Հայաստանի հանրապետությունում: Ես սա ոչ թե Հայաստանի կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, ես սա համարում եմ մեր քաղաքացիների, ընկերությունների, գործարարների գիտակցության բարձրացմամբ, կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք: Որովհետեւ այս բոլոր մարդիկ, անհատ ձեռներեցները, ձեռնարկությունները, նրանք ենք մեկ տարի առաջ ՀՀ-ում ոչ բռնի եւ թավշյա հեղափոխություն իրականացել, եւ հիմա տեր են կանգնում հեղափոխությանը»: Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջիկայում էլ կլինի նոր աշխատատեղերի գրանցում, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ էլի կա ստվեր. «Ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ, որովհետեւ դա երեւում է կառավարության նիստերին, երբ գործարարները գերակա ճյուղերում ներդրումներ են անում եւ աշխատատեղերի բացման խոստումներ են տալիս:
Ամփոփելով՝ Փաշինյանն ասաց՝ 2019 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 562 43 աշխատատեղ, իսկ 2o18-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 511 902:
Ուղիղ եթերի վերջում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց եւ ՊՎԾ արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի պես ասաց՝ «Սիրում եմ բոլորիդ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2171438936238589/?__xts__[0]=68.ARB-AFjdtZ0vy4HNgypkIjEgZkF67vCJCYVWPyWdxgDO2WeWBvg6biZvu_nhBIzesSgepS6l4JcoXtfWFjwK9AVda_kGDCPLoZYhI5nJF3QDAzxfJRpmcAfbZ1GFOSXFUvgfmc2q8OadZOgNptIvpuGgI_VqiF9jnm0iNV5eqZbxfOmZ3I9dJwO_K90JHMF8d6-4qoPPJlIBsrYjaA7Q0qrqSrtq4xFaSJA7t-_rPswvGiB0CPjxynpzjxKv_lOz8c6d2B6JgyA3sJ4TcqSIyW9CF-pgBirh395YsHgSJ01zfODSEzpr8VltQXTUz0y03Xn4KgwcBLH9QcGKXGz0xkD5F4y4HEP5PR3V3zAa&__tn__=-R
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Բայց սկզբից ասում էր վերջին 10ամսում, իբր հեղափոխությունից հետոյա 50հազար աղխատատեղ ավելացել:
Հիմա արդեն ասումա 2018-ի հունվարի համեմատ, այսինքն խոստովանեց որ ստում էր: