Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել շահերի բախումից

Ապրիլ 26,2019 10:00

Այնպես չէ, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն իրենց օրենսդրական ողջ գործունեությունը նվիրում են բացառապես Ցեմենտի գործարանին, «Շանգրի Լա» խաղատանը կամ «Առինջ մոլին»: Այդ խմբակցության մեջ կան գրագետ, փորձառու պատգամավորներ, որոնք հանդես են գալիս զանազան հարցերի վերաբերյալ արժեքավոր առաջարկներով եւ նախաձեռնություններով, հնչեցնում են հիմնավորված քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց ինձ համար ակնհայտ է երկու իրողություն:

Առաջինն այն է, որ խմբակցության եւ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է եւ իր գործունեությունը կառուցում է առաջին հերթին իր բիզնես շահերից ելնելով, ինչը միանգամայն նորմալ մոտեցում է, եթե նա Ազգային ժողովի պատգամավոր չլիներ եւ գոնե ձեւական առումով հանդես չգար իբրեւ քաղաքական գործիչ:

Երկրորդ իրողությունն էլ այն է, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցություն եւ խմբակցություն է պահում՝ իր բիզնես շահերը պաշտպանելու նպատակով:

Ես չգիտեմ, թե ով է ճիշտ, իսկ ով սխալ Ցեմենտի գործարանի հարցում, բայց երբ խորհրդարանը քննարկում է, ըստ էության, Ցեմենտի գործարանին տնտեսական արտոնություններ տալու (շարունակելու) հարցը, եւ Հայաստանի գերագույն օրենսդիր մարմնի իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը պատկանում է այդ գործարանի սեփականատիրոջը, դա, իմ կարծիքով, նորմալ երեւույթ չէ: Պատգամավորները չեն կարող միաժամանակ ներկայացնել իրենց բազմահազարանոց ընտրողների եւ մեկ մարդու գործնական շահերը:

Հարց է առաջանում՝ արդյոք դա բացառի՞կ դեպք է համաշխարհային օրենսդրական պրակտիկայում: Բնականաբար, ոչ: Շահերի նման բախումից հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել ոչ մի տեղ: Սակայն քաղաքակիրթ երկրներում փորձում են կիրառել որոշակի պետական կարգավորումներ, որոնք թույլ կտան պաշտպանել պետական շահերը եւ «կուլ չգնալ» խոշոր գործարարի ձգտումներին: Անձամբ ինձ դուր է գալիս ամերիկյան (կանադական) տարբերակը, որտեղ կան լոբբիզմի խիստ կարգավորումներ: Օրինակ, եթե այսինչ գործարարը ֆինանսավորում է այսինչ թեկնածուի նախընտրական քարոզարշավը, ապա դա արվում է բաց, թափանցիկ, թեկնածուն այդ գումարներից հարկեր է մուծում եւ պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում: Եթե նա հայտնվում է Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում, ապա, իհարկե, չի քվեարկի իր հովանավորի շահերին դեմ: Բայց այդ սենատորը կամ կոնգրեսմենը լուրջ խնդիրներ կունենա, եթե իր հովանավորի շահերը հակասեն պետական անվտանգության շահերին:

Իհարկե, նման խնդիրների ոչ մի լուծում իդեալական չէ, եւ քաղաքակիրթ երկրներում նույնպես ժամանակ առ ժամանակ սկանդալներ են առաջանում լոբբիզմի հետ կապված: Բայց պետությունը որոշակի քայլեր է ձեռնարկում՝ խնդիրը կանոնակարգելու համար:

Իսկ որ խոշոր բիզնեսմենն ինքն է դառնում օրենսդիր մարմնի անդամ եւ կռիվ տալիս իր շահերի համար՝ դրանից, իմ տպավորությամբ, «վայրի կապիտալիզմի» հոտ է գալիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930