Նա վստահեցնում է, որ Նաիրի Հունանյանն իրեն տեսած չկա ու չի հաջողվի սլաքներն ուղղել իր կողմ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը օրերս խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին, ինտրիգային հայտարարություն արեց՝ ասելով, թե այն կբացահայտենք, եթե իմանանք, թե ում է զանգել Նաիրի Հունանյանը պառլամենտից եւ ում հետ է հանդիպել մինչեւ այդ. «Իրանք շատ լավ գիտեն՝ իրանք ով են: Էս ցիրկն էլ, որ խաղում են, ցիրկ է, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա: Նորից եմ ասում՝ էդ մարդը՝ Նաիրի Հունանյանը, դրսից եկել է, փորձել է շփվել ոչ թե շարքայինների հետ՝ ձեր նման, այլ ղեկավար մարմինների հետ: Ինչից են խոսել, ինչի՞ է ինքը խփում, պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, ժողովրդին հանեք եւ այլն, ինչի՞ց: Մինչեւ էդ ո՞ւմ հետ է հանդիպել, ինչի՞ց են խոսել, սա, որ պարզեք, հասկանալու եք դրդիչը ով է, ինչի՞ են արել եւ ո՞ւր են գնում»:
Թե ում է զանգել կամ փորձել զանգել Նաիրի Հունանյանը, ցուցմունքներ կան այն մասին, որ նրանցից մեկը, օրինակ, հենց Սամվել Բաբայանն է եղել: Ուստի «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին, որ Ժիրայր Սեֆիլյանի միջոցով Նաիրի Հունանյանը նիստերի դահլիճում հենց ձեր համարն է փորձել գտնել ու զանգել ձեզ, դա ինչպե՞ս կբացատրեք՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ասենք իրանց մոտ իմ հետ ինչ խոսել է, նրանց հետ զանգել է, ասել է՝ ժողովրդին հանեք փողոց ու չի էլ թաքցրել, պարզ ասել է: Այսինքն, ի՞նչ է դառնում, եթե ես քեզ խնդրում եմ, ասում եմ՝ ժողովուրդը հանեք փողոց, ուրեմն մենք ինչ-որ բան իրար հետ խոսացե՞լ ենք»:
Իրականում Հոկտեմբերի 27-ից հետո տեւական շրջան խոսվում էր այն մասին, թե ահաբեկիչները դահլիճում Սամվել Բաբայանին են սպասել (տես «Առավոտ», 2001 թ. օգոստոս 28): Այն, որ դահլիճից նրա հետ կապվելու փորձեր են եղել, նրան հորդորել են ժողովրդին հանել փողոց, իր ցուցմունքում ասել էր ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը (Մալաթիա տոնավաճառի տերը): 1999 թ. նոյեմբերի 9-ին տված իր ցուցմունքի համաձայն, Կարեն Հունանյանն իրեն թելադրել էր Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսահամարը, որպեսզի համարը հավաքի եւ բջջային հեռախոսը փոխանցի Նաիրի Հունանյանին։ Դրանից ենթադրվում էր, որ նրանք նախապես ունեին այն մարդու հեռախոսահամարը, որի միջոցով պիտի կապվեին Սամվել Բաբայանի հետ։ Սակայն 2000 թ.-ի փետրվարի 29-ին լրացուցիչ հարցաքննության ընթացքում Սամվել Ավետիսյանը հայցելով «նախաքննական մարմնի ներողամտությունը», հայտարարել էր, որ կեղծ ցուցմունք էր տվել եւ ճշգրտում մտցրել. «Ես եմ հավաքել Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսահամարը եւ հեռախոսը տվել Նաիրի Հունանյանին։ Դա տեղի է ունեցել հետեւյալ հանգամանքներում։ Դահլիճում սպանությունները կատարելուց հետո Նաիրին սպառնալից տոնով ուղղակի գոռում եւ պահանջում էր կապվել «Իժոյի» հետ (խոսքը վերաբերում է Սամվել Բաբայանին, «Իժոն» վերջինիս մականունն է), ասելով, որ նրան չգտնելու դեպքում վատ կլինի։ Որպեսզի հետագա հնարավոր ավելի վատ հետեւանքներ չառաջանան եւ ինչ-որ տեղ վայրենացած Նաիրի Հունանյանի վիճակը մեղմելու նպատակով, սեղանի մոտ կանգնեցրի նրա եղբայր Կարենին եւ ասացի, որ ես գիտեմ մի մարդու, որը կարող է իմանալ «Իժոյի» հեռախոսահամարը»։ Ի վերջո զանգել էին Սեֆիլյանին, Նաիրի Հունանյանը նրան հայտնել էր երկու հեռախոսահամարներ՝ Սամվել Բաբայանին փոխանցելու համար, որպեսզի դրանցով կապվի իր հետ։ Թե ինչու էր Սամվել Ավետիսյանն այն ժամանակ թաքցրել, որ հենց ինքն է զանգել Սեֆիլյանին, որ Սամվել Բաբայանին փոխանցեն Նաիրի Հունանյանի հորդորը, դա այլ պատմություն է: Այն ժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, խոսակցություն կար, որ խորհրդարանում Ավետիսյանը Սամվել Բաբայանի «մարդն է», նրա «դաբռոյով» է եկել ու Ավետիսյանը հենց դա թաքցնելու համար էր այս նուրբ պահը բաց թողել:
Կարդացեք նաև
Երբ Սամվել Բաբայանին ասացինք, որ ցուցմունքներով Նաիրի Հունանյանի՝ իրեն փնտրելն ու զանգելը այլ կերպ էր մեկնաբանվում, սլաքներն ուղղում էին ձեր կողմ՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Իմ կողմ չէին կարա ուղղեին, ասեմ ինչի՝ էդ մարդը (նկատի ունի Նաիրի Հունանյանին) կյանքում ինձ տեսած չկա, ինձ չի էլ ճանաչում, դրա համար ինչքան էլ ուղղեցին՝ չստացվեց: Պետք է վերադառնային իրենց կողմերը, հենց դա էր պատճառը»:
Սամվել Բաբայանը, լսելով Սամվել Ավետիսյանի անունը, հարցրեց՝ «Սամվել Ավետիսյա՞նն ով ա»՝ ցույց տալով, թե նրան չի ճանաչում: Երբ հիշեցրինք, որ կուլիսային խոսակցությունների համաձայն, իր «դաբռոյով» է նա ժամանակին դարձել պատգամավոր՝ Բաբայանն ասաց. «Տեղյակ չեմ, թե ինչից եք խոսում: Չեմ հիշում էդ մարդուն, չգիտեմ: Գիտեմ, որ մարդ ունեինք, բայց Սամվել Ավետիսյան չի անուն ազգանունով, եթե չեմ սխալվում: Ինձ զանգել է Ժիրայր Սեֆիլյանը էդ օրը՝ սպանություններից հետո, ասել, որ ժողովուրդը ուզում է, որ գաս, բանակցես: Ես ասել եմ՝ զանգի կառավարություն՝ ղեկավարությանը, եթե կասեն, որ ես պիտի գամ, ես կգամ: Ու վերջ, դրանով վերջացել է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.04.2019