Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի կառավարման «փառահեղ» շրջանը

Ապրիլ 26,2019 12:00

 Ի՞նչ ծրագրի շուրջ էր ժամանակին բանակցում Քոչարյանը, որն այսօր շտապում է խոչընդոտել Արցախի «հանձնմանը»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում: Չգրված օրենք է՝ մարդը անազատության մեջ է, մի տեսակ, ճիշտ չէ նրան քննադատելը: Սակայն, ակնհայտորեն, Քոչարյանի անազատության մեջ գտնվելը չի կաշկանդում նրան պաշտպանողներին, որոնք, ըստ ամենայնի, Հայաստանի հասարակությանը համարում են ամնեզիայից տառապողներ:

Քոչարյանի իշխանավարման տարիների կարոտախտի տպավորություն ստեղծողներ են ի հայտ եկել, կան նաեւ հնաբնակներ, որոնք թեեւ հստակ հիշում են Քոչարյանի իշխանավարման «պանծալի» տարիները, սակայն, հավանաբար, իրենց պարտքն են համարում խմբագրել ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ Քոչարյանին համարյա «հրեշտակ» ներկայացնելով:

1998-2008թթ. ընթացքում երկու անգամ խայտառակ կեղծիքներով նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի իշխանավարման տարիներն այսօրվա երիտասարդներին, հավանաբար, կարելի է ներկայացնել վառ գույներով: Բայց նման իրավիճակում, այդ ծանր գործն իրենց ուսերին տանողները պետք է գիտակցեն, որ Քոչարյանի՝ կալանքի տակ լինելն ամենեւին էլ խոչընդոտ չէ, որպեսզի ներկայացվի նրա իշխանավարման պտուղները՝ ընդամենը չոր փաստերով:

Օրը ցերեկով Պողոս Պողոսյանի սպանության, տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային սպանությունների, Հոկտեմբերի 27-ի, լրատվամիջոցների փակման, բռնաճնշումների, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ մի շարք բացասական զեկույցների ու բանաձեւերի շրջան էր Քոչարյանի տասնամյա իշխանավարումը, որն ավարտվեց 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից ուժի գործադրմամբ «մաքրելուց», նույն օրը երեկոյան հազարավոր մարդկանց աչքի առաջ Երեւանի կենտրոնում հավաքված բազմության ուղղությամբ կրակ բացելուց, 10 անմեղ մարդկանց սպանությունից հետո, որից հետո էլ Երեւանում մարտի 1-ից 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց, բանտերում հայտնվեցին մի քանի տասնյակ մարդիկ:

Սա էր Քոչարյանի իշխանավարման «փառահեղ» տասնամյա շրջանը:

Քանի որ Քոչարյանի պաշտպանների ուշադրության կիզակետում Արցախն է՝ այդ թեման միայն բավարար է ներկայացնելու Քոչարյան նախագահի գործունեության արդյունքում ղարաբաղյան կարգավորման գործընթացին հասցրած նրա վնասները:

Ինչպես երեւում է, Քոչարյանի հույսն էլ Հայաստանի հասարակության մոտ հիշողության կորուստն է: Վերջին շրջանի նրա հարցազրույցները ընթերցող, ղարաբաղյան կարգավորման պատմությունից գաղափար չունեցողները, հավանաբար, խորհուրդ կտային իրավապահներին հենց կալանավայրից Քոչարյանին ազատել ու նրան գործուղել Ալիեւի հետ բանակցությունների, որպես նա փրկի Արցախը:

Անցյալ տարի սեպտեմբերի 13-ին «Մեդիամաքսում» հրապարակված բացառիկ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նախկին իշխանությանը իր կողմից քննադատելու եւ իր՝ քաղաքականություն վերադառնալու դրդապատճառներին:

«Դեմ արտահայտվելով Սահմանադրության բարեփոխմանը՝ Դուք, ամենայն հավանականությամբ, հասկանում էիք, որ դրա իրական նպատակը Սերժ Սարգսյանի՝ կառավարելու ժամկետը երկարացնելու ցանկությունն է: HTB-ին վերջերս տված հարցազրույցում ասացիք, որ երրորդ ժամկետին գնալու նրա որոշումը սխալ էր: Ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ էիք ասում, բայց ոչ մի քայլ չէիք ձեռնարկում՝ բացասական սցենարները կանխելու համար»,- հարցնում են Քոչարյանին: Նա պատասխանում է. «Քայլերը, որոնց մասին Դուք խոսում եք, կնշանակեին վերադարձ քաղաքականություն, իսկ այն ժամանակ ես նման ծրագրեր չունեի: Ինձ շատ բան դուր չէր գալիս, սակայն, այնուամենայնիվ, չէի տեսնում սպառնալիքներ հայկական պետականության եւ Ղարաբաղի համար: Ինձ թվում էր, որ շատ բան է արվում, որպեսզի երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա լինի: Այժմ ես այդ վտանգը տեսնում եմ: Սա այն եզրագիծն է, որից հետո ստիպված եմ ասել. ո՞վ, եթե ոչ ես»:

Իհարկե, այսօր ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շուրջ շատերն են արդարացիորեն հարցադրումներ անում, դիրքորոշում արտահայտում, որ, օրինակ՝ հայտնի չէ, թե պաշտոնական Երեւանը ինչ մոտեցումներ է ներկայացրել Ադրբեջանին, կամ՝ կարգավորման ինչ տարբերակի շուրջ է պատրաստ պաշտոնական Երեւանը բանակցել: Կամ, եթե ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջում էր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը ուղղված համաձայնությունների կատարումը, ինչո՞ւ այսօրվա իշխանությունը հաշտվեց այդ պահանջների կորստի հետ:

Այսպիսի հարցադրումներով կարող է հանդես գալ ցանկացած մեկը, բայց ոչ երբեք Քոչարյանը: Նա մեկ այլ հարցազրույցում ավելի պերճախոս էր… Մարտի 4-ին «168 Ժամին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքին: «Մամուլում եւ սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերեւս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաեւ՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան»,- հարցնում է լրագրողը:

Քոչարյանի պատասխանը խիստ ուշագրավ է. «Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի եւ նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության եւ ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն եւ ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին»։
Ղարաբաղի «հանձնմանը» խանգարող Քոչարյանն արդեն նոր բարձունքներ է նվաճում… Բայց այստեղ արժեր հարց ուղղել նրան՝ հակամարտության կարգավորման այդ ի՞նչ ծրագրի շուրջ էր ժամանակին բանակցում Քոչարյանը, որն այսօր շտապում է խոչընդոտել Ղարաբաղի «հանձնումը»: Նրա օրոք բանակցված կարգավորման տարբերակն ամբողջությամբ տպագրվել է հայաստանյան մամուլում, եւ հետաքրքրվողներին «հաճելի» անակնկալներ են սպասում, եթե որոշեն ծանոթանալ:

Քոչարյանը, 1998թ.-ին Ղարաբաղյան հարցում Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումից դժգոհ, խոստացավ Ղարաբաղյան խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառկմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել: 1998-ի պալատական հեղաշրջումն, իհարկե, ստացվեց, սակայն քիչ անց Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից պաշտոնապես եւ հիմնավորված՝ դուրս թողնվեց հենց Քոչարյանի գործունեության արդյունքում:

Քոչարյանը միտումնավոր չի անդրադառնում Ղարաբաղյան հարցում իր կառավարման օրոք ղարաբաղյան կարգավորման «փառահեղ» շրջանին, որովհետեւ ի տարբերություն իրեն պաշտպանող նորաթուխների՝ հստակ հիշում է, թե ինչ էր բանակցում, ու ինչի դիմաց:

Գոնե հիմա, Քոչարյանն ինքն իր մտքում հարցնո՞ւմ է, թե ինչու իր իշխանավարման շրջանում՝ 1998-2008թթ., երբ Ադրբեջանը դեռ այսքան սանձարձակ չէր, չկար ապրիլյան քառօրյա պատերազմ ու մարդասպան Սաֆարովին պետական մակարդակով հերոսացում չկար Ադրբեջանում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը այսչափ խախտված չէր, ի՞նչ առաջարկների շուրջ էր նա բանակցում Ադրբեջանի ղեկավարության հետ:

Հետաքրքիր տակտիկա է մշակել Քոչարյանի «պաշտպանական» խումբը՝ ԼՂ հարցով նրան պաշտպանելու հարցում: Բանը հասել է նրան, որ Մեղրիի փոխանակման քոչարյանական շրջանի փաստերը հերքելուց մեղավորության սլաքն արդեն ուղղում են դեպի Վազգեն Սարգսյանը: Օրերս Արցախի հերոս, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրավիրված մամուլի ասուլիսում ասել է. «Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էր գնում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ապա ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին չէ՞, ինձ հետ որեւէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե մի դիպուկահար կրակում ա, գալիս ինձ հետ համաձայնեցնում են, կարո՞ղ ա Մեղրին հանձնում են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ինձ հետ նման խոսակցություն չի եղել»։ Ապա նա հավելել է. «Բացի պաշտպանության նախարար լինելուց, Վազգեն Սարգսյանը Հայաստանում եղել է որոշիչ դեր խաղացող։ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու նույնիսկ այդ հարցով բանակցությունների նստել»։

Որ Սամվել Բաբայանի հետ նման հարց չի քննարկվել, այսպես ասած՝ Մեղրիի հարցը Արցախ չի հասել, դա, ըստ ամենայնի, չի կարելի բացառել: Բայց ի՞նչ պատասխան ունեն Քոչարյանի պաշտպանները, եթե Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը փաստում են նախկինում համանախագահների հետ այդ տարբերակի շուրջ ուղիղ բանակցած ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:

Ամփոփումը՝  «Առավոտ»-ի ապրիլի 26-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  25.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930