Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատավանցիները ինչո՞ւ էին բողոքում գյուղապետից

Ապրիլ 26,2019 14:30

«Ազատավանի գյուղապետ Պետո Ղազարյանի որդին չի ծառայում, բայց մեր որդիները ծառայում են բանակում, իսկ նա գլուխ գովալով ման է գալիս, որ ինքը չպետք է ծառայի: Ղազարյան Պետոն ամբողջ արենդները վաճառել է Վահե Ավագյանին, ժողովրդին խաբելով, թե՝ վերեւից են կարգադրել: Մեր բյուջեն եղել է 130 մլն դրամ, այդ գումարներից 52 մլն դրամը Զաքարյան Վահեն մանկապարտեզը վաճառել է Պետոյի վրա, այդ շենքն այդքան չարժեր»,-«Առավոտի» խմբագրություն եկածները հանձնեցին իրենց տպագիր բողոքը ու չցանկացան, որ իրենց տվյալները հրապարակվեն, նրանցից մեկն էլ ասաց, թե «վախենում է իր նկատմամբ բռնություններ կիրառեն, հետապնդեն Արարատի մարզպետն ու գյուղապետը»:

Գյուղապետ Պետո Ղազարյանի հետ «Առավոտը» զրուցեց հեռախոսով:

Նա 2016 թվականի հոկտեմբերից գյուղապետն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Գյուղապետն ասաց, թե որդին սովորում է եւ կծառայի, երբ ժամանակը գա:

Հողն աճուրդով վաճառելու մասին էլ ասաց, թե նման բան չկա, 2, 3 հա է վաճառվել մարդկանց, ովքեր ուզում են հողը մշակել, զբաղվել հողագործությամբ:

Նամակում ակնարկված Վահան Ավագյանի համար էլ ասաց, թե նրա 67-ամյա հայրը մահացել է, որդին շարունակում է հոր կիսատ մնացած գործը: Գյուղում նրա հայրական տունը կա, իսկ որդին փորձում է ներդրումներ անել գյուղի համար:

Ըստ գյուղապետի, 3260 բնակիչներից ներկայումս գյուղում փաստացի բնակվում է 2400-ը: Գյուղն ունի 550 հա, որից 300-ը բնակելի է, 250 հա-ից էլ 70-ը ընդհանրապես չի մշակվում:

Գյուղն ունի ջրի խնդիր, եւ պատճառը դա է, որ Սալմաստ գավառից եկած, այստեղ տունուտանիք ստեղծածների ժառանգները չեն կարողանում զբաղվել հողագործությամբ:

Ինչ վերաբերում էր բողոքում նշված մանկապարտեզը գնելուն, գյուղապետն ասաց, որ անցյալ տարվա աշնանը գնել է մանկապարտեզի շենքը, որը կառուցվել էր դեռ 1985 թվականին:

«Գյուղը մանկապարտեզ չունի: Գյուղացիներն ուրախացել են: Չեմ կարծում, որ մանկապարտեզի համար բողոքեն: Ովքեր հնարավորություն ունեն, իրենց երեխաներին տանում են մինչ օրս Արտաշատ, մոտ 5 կմ տարածք են կտրում, կես ժամ կորցնում»,-ասում է գյուղապետը: Ի դեպ, շենքը եռահարկ է, եւ զրուցակցիս տեղեկացմամբ՝ տրվել է ավագանու որոշմամբ, եւ գումարն էլ կազմել է 55 մլն. դրամ: Գյուղապետը տեղեկացնում է, որ մայիսի վերջին կհայտարարվի տենդեր, իսկ մանկապարտեզը 150 երեխայի համար դռները կբացի աշնանը:

«Տրակտորը, որը բերել է ժողովրդի համար ծառայելու, բերել է իր շրջապատի համար գումարներ աշխատելու: Իր խանութը, որը կառուցել է ճանապարհի վրա, օրինական չի, չէր թույլատրվում»,-նշված էր բողոքում:

Այս կապակցությամբ հնչեցրած մեր հարցին՝ գյուղապետը պատասխանեց, որ տրակտորը գյուղացու համար է, հողը վարելու համար սահմանված է մատչելի գին՝ 1 հա-ն վարելը 35 000 դրամ է: Ոչ մատչելին որքան է հարցիս, պատասխանեց՝ 50 000 դրամ:

Իր խանութ ունենալու մասին էլ Պ. Ղազարյանն ասաց, որ խանութ ունի 2008 թվականից, շինարարական խանութ է, իսկ օրինական հիմքերը եւ թույլտվությունը ստուգելու համար «Առավոտին» հրավիրեց գյուղ, տեղում ծանոթանալու համար:

Ըստ նրա, որեւէ անօրինական սեփականություն ինքը չունի:

«Պետական մեքենան որդու սեփականությունն է դարձրել»,-գրել էին բողոքաբերները, ինչը գյուղապետը համարեց ակնհայտ սուտ, ասելով, որ որդին մեքենա ունի, իսկ որդին պետական մեքենան, եթե լվանալու նպատակով վերցնում է, տեսնում են, դա չի նշանակում, թե մեքենան «յուրացվել» է:

«Մեր նախկին բժշկուհին դեղորայքներ էր ուղարկում Հայրո Բաբայանի դեղատուն, ինչի դիմաց ստանում էր տոկոսներ: Նախկին գյուղապետ Վահանյան Հրաչը մեր կուլտուրայի տունը վաճառեց 448 000 դրամով Բաբայան Հայրոյին»,-իր հետ կապված պարզվեց՝ ավելի վաղ է եղել, դրանով զբաղվել է մարզպետարանի առողջապահության վարչությունը:

Փոխմարզպետ, դաշնակցական Հայրապետ Բաբայանը փոխմարզպետի պաշտոնին անցնելուց հետո չի զբաղվել դեղատնով:

Հիշեցնեմ, որ ԶԼՄ-ները բարձրաձայնել են Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Վահրամ Գեւորգյանի՝ ամբուլատորիայում տեղի ունեցած չարաշահումների մասին: Նա գյուղի բնակիչների մի մասի հետ բողոքի ակցիա էր անցկացրել, ոստիկաններին էր դիմել, հայտնել, թե ամբուլատորիայի տնօրեն Աշխարհուհի Ղազարյանը կոռուպցիոն խաղերի մեջ է եղել: ԶԼՄ-ներում ասվում էր, թե դեղերի բացթողնման ցուցակում մարդկանց ստորագրությունները բացակայել են:

Գյուղապետի տեղեկացմամբ, Ա.Ղազարյանը 2016 թվականին ազատվել է աշխատանքից՝ թոշակի անցնելու կապակցությամբ, եւ իրեն հարցն ուղղելը տեղին չէ:

Խոսք էր գնում հողերի վաճառքի, Ֆրանսիա վերապատրաստման մեկնելու, առհասարակ գյուղի գումարները քամուն տալու մասին:

Ի դեպ, ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամսերի աճուրդի մասին հայտարարությունները տպագված էին «Ազդարարում», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930