Արտաշ Ասատրյանը բանկ էր գնացել անձնական փոխանցում կատարելու նպատակով: Մեծ է եղել նրա զարմանքը, երբ բանկում ասել են, թե քարտից 12 000 դրամ գումար են պահել: Հարցրել է՝ ի՞նչ նպատակով են պահել, առանց նրա իմացության, պատճառաբանել են՝ ՃՈ ակտ ունի:
Քաղաքացին գնացել է «Հայփոստի» թիվ 0015 բաժանմունք, որպեսզի հարցնի, ինչու իրեն որեւէ ծանուցագիր չի բերվել, մանավանդ, որ տանը մշտապես մարդ է եղել:
Պատասխանել են՝ «տանը չեք եղել, «թուղթ» են կպցրել»: Սակայն նման բան չի եղել:
Մի քանի օրից ստացել է ԴԱՀԿ-ից գրությունը, փոստատան պատճառով նա մուծել է 12 000 դրամ՝ 8000 դրամի փոխարեն: Կորցնելով ըստ էության չորս հազար դրամ:
Կարդացեք նաև
Չանցած մի քանի օր, Ա. Ասատրյանը փոստատուն է գնում, գործարք անելու համար: Այնտեղ կրկին ասում են՝ 7500 դրամ են պահել, պատճառաբանելով, թե երկու նամակ են ուղարկել, սակայն դարձյալ տեղ չի հասել:
«Այն տպավորությունն ունեմ, որ ԴԱՀԿ-ն փոստատան հետ համագործակցում է: Հինգ հազարի փոխարեն այս անգամ էլ 7500 է պահվել: Միայն նոյեմբերին փոստատան ոչ պատշաճ ծանուցման պատճառով՝ 6500 դրամ»,-ասում է Ա. Ասատրյանը: Ի դեպ, «Ազդարար» տեղեկատվական համակարգում կար ծանուցում, սակայն շատերը «Ազդարարից» չեն օգտվում, չնայած այնտեղ գրվածը համարվում է պատշաճ ծանուցում:
Ա. Ասատրյանը նամակով դիմել էր «Հայփոստի» գործադիր գլխավոր տնօրեն Հ. Ավագյանին, որից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ «պատվիրված նամակը մշակվել է փոստի տեսակավորման եւ փոխանակման կենտրոնում, այնտեղից ուղարկվել հասցեն սպասարկող եւ առաքանու հանձնումն իրականացնող փոստային բաժանմունք: Կատարվել է առաքանու հասցեական առաքում, թողնվել է ծանուցում՝ առաքանին փոստային բաժանմունքից ստանալու վերաբերյալ: Փոստային բաժանմունքում պահպանման ժամկետը լրանալուց հետո առաքանին հետ է վերադարձվել «չպահանջված» նշագրումով»:
Առհասարակ ժամանակն է վերանայել փոստատան-տեղեկատվական համակարգի բացթողումները, Ա.Ասատրյանի նման շատերն են հայտնվում այսպիսի վիճակում, իսկ պատկերացրեք մարդկանց, ովքեր բանկում են տեղեկանում, թե իրենց գումարների վրա արգելանք է դրված:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.04.2019