«Ջաբուրյան» սեքստետը հանդես կգա երկու համերգով
Ծնունդով Լիբանանից՝ կանադաբնակ կլարնետահար Համբարձում Ջաբուրյանի ստեղծագործական գործունեությանը ժամանակին անդրադարձել է «Առավոտը»: Հիշեցնենք, որ երաժիշտը մասնագիտական կրթությունը ստացել է Լիբանանի երաժշտանոցում, հոր՝ Քերոփե Ջաբուրյանի ղեկավարությամբ, որը շուրջ 50 տարի հանդիսացել է տեղի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ: Կանադա է տեղափոխվել 1974թ. վերջերին, երբ Լիբանանում նոր-նոր էր սկսվում ռազմական հակամարտությունը: Հենց 1974-ին 19-ամյա Համբարձումը հյուրախաղերի է մեկնում ԱՄՆ: Նախորդ զրույցում երաժիշտն ասել էր, որ թեեւ ի սկզբանե համերգների, այդ թվում՝ հյուրախաղերի պակաս չի ունեցել, բայց մշտապես ականջին հնչել են հոր խոսքերը՝ «որդիս, դու անպայման պետք է երաժշտական բարձրագույն կրթություն ստանաս: Օր մը կգա, որ էլ ավելի մեծ բեմեր կբարձրանաս»: Կարճ ասած՝ երաժիշտն այլեւս չի վերադարձել ԱՄՆ-ից, որոշ ժամանակ հետո էլ տեղափոխվել է Կանադա եւ այնտեղ հանդես եկել մենահամերգներով ու կամերային տարբեր անսամբլներով: Եվ միայն 20 տարի անց որոշում է կայացրել եւ ընդունվել Մոնրեալի համալսարան (Mc Gill), ուսանել է ճանաչված կլարնետահար Փիթեր Ֆրիմընի դասարանում:
Երկար կարելի է թվարկել երաժշտի հյուրախաղային ելույթները, առանձնացնենք մի քանիսը. կլարնետահարը հանդես է եկել հանրահայտ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի հետ, ելույթներ է ունեցել Հյուսիսային Ամերիկայում՝ Maniloba Chamber Orchestra-ի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Աննե Սենսոն): Ավելի ուշ, Կոմիտասին նվիրված համերգին, որը կայացել է Մոնքթոնի կամերային նվագախմբի եւ դաշնակահար, կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանի ընկերակցությամբ, այնուհետեւ Ռուսաստանի Arc նվագախմբի դիրիժոր Էրատ Իչմուրատովի ղեկավարությամբ, համագործակցել է դիրիժոր Ալան Կազեսի հետ, բեմ բարձրանալով Mc Gill համալսարանի Wind Symphony-ի հետ: Տեղին է նշել այն հեղինակավոր սրահները, որտեղ ծափահարել են հայազգի երաժշտին՝ Վանկուվերի Orpheum թատրոնը, Տորոնտոյի Roy Thompson, Նյու Յորքի Carnegie Hall համերգասրահները եւ այլն: Կլարնետահարը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ մենահամերգ է ունեցել նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ եւս: 2006թ. Կանադայում հիմնել է «Ջաբուրյան» սեքստետ ու մինչ օրս հայազգի երաժշտի ստեղծագործական գործունեությունը հիմնականում առնչվում է այս անսամբլին: Ընդ որում, վերջինս հանդես է գալիս միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:
Նշենք, որ կլարնետահարը դուդուկահար Գեորգի Մինասովի ձեռնարկով, իր խոսքերով՝ նախ ուսումնասիրել է ժողովրդական նվագարանները, ապա սովորել դուդուկ նվագել եւ առիթի դեպքում «դրսում» հանդես եկել նաեւ որպես դուդուկահար: Համբարձում Ջաբուրյանը 2001-ից հաճախակի է հանդես գալիս հայրենիքում, իսկ 2014-ին նա այստեղ հիմնեց «Ջաբուրյան» սեքստետը, որի կազմում են Գայանե Աբրահամյանը (առաջին ջութակ), Լեւոն Մարկուպչյանը (երկրորդ ջութակ), Արմեն Թորոսյանը (ալտ), Լեւոն Առաքելյանը (թավջութակ), Գարեգին Սիմոնյանը (կոնտրաբաս): Եվ հենց 2014-ից հանդես է գալիս իր իսկ հիմնած անսամբլի հետ: Իսկ սեքստետը նախորդ տարիներին հանդես է եկել ոչ միայն Երեւանում, այլեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գյումրիում, Աբովյանում:
Համբարձում Ջաբուրյանի՝ հայրենիք այս այցի ժամանակ հայաստանցի երաժիշտը հնարավորություն ունի հանդիպելու երաժշտի հետ՝ «Ջաբուրյան» սեքստետի կազմում. ապրիլի 26-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, դպրոցական ֆիլհարմոնիայի շրջանակներում, իսկ 29-ին՝ Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում: Մեզ հետ զրույցում երաժիշտը նշեց, որ համերգները նվիրվում են Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, իսկ հնչելիք ստեղծագործությունները հատուկ սեքստետի համար փոխադրել ու մշակել են կոմպոզիտորներ Ստեփան Շաքարյանն ու Ռուբեն Ալթունյանը: Կկատարվեն միայն հայ հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս, Նարեկացի, Ներսես Շնորհալի, Սպենդիարյան, Խաչատրյան:
Ծանոթանալով «Ջաբուրյան» սեքստետի երեւանյան հայտագրերին, երաժիշտները կատակում են՝ Համբարձում Ջաբուրյանը մեզ մոտ աշխատատեղեր է ստեղծել:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.04.2019