Հաղթանակի հասնելու համար կա մի պարզ, բայց միեւնույն ժամանակ ժամանակատար շղթա՝ իղձ, նպատակ, իրագործում: Այս պարզ շղթայով կարելի է արտահայտել մեր կյանքի փուլերը, ըստ տարիքի բաժանվում են երեք փուլի: Յուրաքանչյուրը դեռ վաղ տարիքից երազում է որեւէ բանի մասին եւ յուրաքանչյուր տարիքի երազանքները յուրովի են: Ինչքան մեծանում ենք՝ երազանքները դառնում են նպատակ, որոնք մեզ ստիպում են առաջ շարժվել: Շարժվելով առաջ եւ ձգտելով՝ մենք իրագործում ենք դա: Այս երեք փուլերը կարելի է նկարագրել այսպես՝ մանկություն, երիտասարդություն, հասունություն: Իրագործման պտուղները մենք լիարժեք քաղում ենք ավելի հասուն տարիքում եւ հպարտանում մեզանով:
Սակայն այս գեղեցիկ եւ պարզ շղթայի կատարման ընթացքում, բնականաբար, անպակաս են խոչընդոտները: Խոչընդոտները հանդիպում են մեզ միշտ մեր կյանքի ընթացքում եւ դա նորմալ է: Դա կարող է լինել հիասթափության, ֆինանսական անբավարարության, ալարկոտության, չարամիտ մարդկանց փոքրիկ միջամտության շնորհիվ եւ այստեղից էլ երեւում են ուժեղ մարդիկ՝ ովքեր պայքարում են եւ հասնում ցանկալի արդյունքի: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կցանկանա հրաժարվել իր նպատակից: Այո, նպատակից, ոչ թե երազանքից, պետք է երազանքները դարձնել նպատակներ, միայն այդ կերպ կարող ենք մոտիվացնել եւ աշխատել այդ ուղղությամբ:
Պետք է հիշել, որ մեր նպատակները եւ ձգտումներն ավելի հզոր են եւ մենք էլ ուժեղ, կայուն, զարգացած անհատականություն՝ դրան հասնելու համար: Այս կերպ կարելի է հաղթահարել խոչընդոտները: Եկեք խոչընդոտներին նորմալ վերաբերվենք, չէ՞ որ ոչինչ հեշտությամբ չի տրվում: Եթե ջանանք, կհասնենք մեր նպատակին եւ այդ հաղթական զգացումը միշտ ուղեկից կլինի եւ կօգնի ավելի կատարելագործվել: Օրինակ, ինչ գիտես, գուցե հենց դու կլինես լավագույնը քո գործում եւ բոլորովին էլ կապ չունի, թե քանի տարեկան ես: Երբեք ուշ չէ, ուշ է լինում միայն մի դեպքում, երբ այլեւս չկաս, իսկ քանի դեռ կաս՝ պետք է գործել: Եկեք հիշենք մեր հարազատներին, ովքեր մեծ հույսեր ունեն, որ մենք կհասնենք լավագույնին եւ ամենակարեւորը՝ հիշենք այն մարդկանց, ովքեր նախանձում են մեզ կամ էլ չեն հավատում մեր ուժերին: Նրանց այս վերաբերմունքը, որը հաճախ ազդում է մեր հոգեվիճակի վրա՝ պետք է վերածել մոտիվացիայի եւ սկզբունքի՝ իրագործելով դա: Չմոռանանք, որ մարդը բանական էակ է եւ տարբերվում է մտածելու կարողությամբ, եկեք տարբերվենք մեր խելամիտ, ձգողական եւ պոզիտիվ մտածելակերպով եւ օրինակ ծառայենք մյուսներին: Հաղթանակի հասնելու բանաձեւը մեկն է՝ ձգտումը:
ՆԱՏԱԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ-չինական բարեկամության դպրոցի 9բ դասարանի աշակերտուհի
«Առավոտ» օրաթերթ,
25.04.2019