Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի առաջ: Նրանք պահանջում էին, որպեսզի վարչապետն իրենց ընդունի, որպեսզի ասեն՝ ոչինչ մինչ օրս չի արվել:
Նրանց խոսքով. «Իշխանությունը փոխվեց, բայց համակարգը մնաց նույնը: Նիկոլ Փաշինյանը փոխվեց, բայց գլխավոր դատախազը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որն այն ժամանակ Սեյրան Օհանյանի տեղակալն էր, եւ որը որ շատ լավ տեղյակ է մեր երեխաների սպանություններից, Արթուր Դավթյանը նույնպես տեղյակ էր, նրանք չփոխվեցին»:
Զոհված զինվորների ծնողների խոսքերով, ոչ մի հույս ու լավատեսություն չունեն, որ իրենց որդիների սպանությունները այս եղած համակարգով կբացահայտվի:
Նրանց խոսքով, այդ ամենում մեղադրում են նախկին իշխանություններին, բայց ներկա ղեկավարներին էլ չեն հավատում, քանի որ չեն փոխվել ուժային կառույցների պատասխանատուները, որոնք զոհված զինվորների գործերով զբաղվել են տարիներ ի վեր:
Կարդացեք նաև
«Իսկ եթե մեղավորներին չպատժեն, հանցագործներին չբացահայտվեն, բանակում սպանությունները շարունակվելու են, ինչպես որ մինչեւ այսօր տեղի են ունենում»:
Մայրերը կոչով դիմեցին Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, հեռացրեք նրանց պաշտոններից»:
Ըստ զոհված զինվորների մայրերի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի ուզում ընդունել իրենց. «Որովհետեւ շատ լավ տեղյակ է այդ սպանություններից: Պաշտպանության նախարարն այսօր ձեռքները լվանում է մի կողմ է քաշվում: Հա, ինքը դատախազություն չի, որ ինքը վարի այս գործը, բայց ինքը պաշտպանության նախարար է եւ շատ լավ տեղյակ է, թե իր բանակում ինչ է կատարվում: Շատ լավ տեղյակ է, թե իր բանակի հրամանատարական կազմն ինչ է անում եւ ինչով է զբաղված»:
Տիկնայք ասացին, որ վարչապետն իրենց ընդունել է, բայց շատ կարճ հանդիպում է եղել, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստացել է բացահայտել: Բայց անցել է 10-11 ամիս, ոչ մի գործողություն չի եղել. «Մեր գործերը կասեցված էին, կասեցումից հանեցին, բայց դրանից հետո ոչինչ չի արվել: Հանձնաժողով էին ստեղծում, քննչական կոմիտեի հետ ինչ-որ բաներ պետք է անեին, բայց ոչինչ էլ չեն արել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ