Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ. Ռուբեն Բաբայան

Ապրիլ 25,2019 19:20

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հիմնական նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ օրենսդրական լուծումներ:

Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ գործող «Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները:

Բանախոսը խնդիրներից առանձնացրել է մրցույթ կազմակերպելու գործընթացը, ինչը, ըստ նրա, չի ապահովում որակյալ ապրանքի ձեռքբերում: Օրենքն արգելում է նշել ապրանք արտադրող երկրների եւ կազմակերպությունների անունները:

Ռուբեն Բաբայանը նշել է, որ օրենքում բացակայում է, «վստահելի գործընկեր» հասկացությունը, առաջարկել ուսումնասիրել համաշխարհային փորձը: Ըստ նրա` անհրաժեշտ է բեմադրության ծախսերն առանձնացնել եւ այն սահմանել առանձին տողով, ներկայացումների համար տրամադրել թատրոնի ընդհանուր բյուջեի 30 տոկոսը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ գանձապետական համակարգը պետությանը պատկանող դրամական միջոցների սպասարկումն ու համակարգումն իրականացնում է օրենքի դրույթներին համապատասխան: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային հարուստ ու քննություն բռնած փորձը: Նախարարը մեկ կազմակերպությունից գնումների իրականացումը համարել է ռիսկային:

Ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել առաջարկությունները եւ գտնել լուծումներ:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը գնումների ոլորտում իրականացնում է վերահսկողական հստակ գործառույթներ եւ ապահովում դրա թափանցիկությունը:

Նշվել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումները կլինի շարունակական:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930