Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ «Սպայկա»-ի տնօրենի դատական գործով. կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել

Ապրիլ 25,2019 18:40

Քիչ առաջ ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ ընդհատվեց «Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ապրիլի 8-ին կայացված որոշման դեմ Դավիթ Ղազարյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Դավիթ Ղազարյանի շահերի պաշտպան Սամվել Սիմոնյանը տեղեկացրեց՝ հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 29-ին՝ ժամը 11.30-ին:

Նա մանրամասնեց. «Բողոքն ամբողջությամբ չհասցրինք ներկայացնել, առարկություններ ևս դեռ չենք հասցրել ներկայացնել»:

Լրագրողների հարցին՝ Դավիթ Ղազարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացվե՞լ է, շահերի պաշտպանը պատասխանեց. «Մենք հիմա քննում ենք հենց ամբողջ իրավատիրույթը, նաև գրավի միջնորդություն է ներկայացվել»:

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին Դավիթ Ղազարյանը կալանավորվեց:

ՊԵԿ քննչական վարչության կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Ըստ ՊԵԿ-ի՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին («Սպայկայի» տնօրեն) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Եվրասիական զարգացման բանկը հետաձգել է «Սպայկա» ընկերության վարկավորմանն ուղղված ծրագրի իրականացումը: Այս մասին ապրիլի 25-ին Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում EADaily-ի թղթակցին ասել է ԵԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Բելյանինովը. «Այնտեղ պահանջներ կան հարկերի վճարման հետ կապված, ուստի մենք դեռ կասեցնում ենք: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն «Սպայկայի» մասով կասեցվել է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»: ԵԱԶԲ-ն նախատեսում էր «Սպայկային» 67 միլիոն դոլարի վարկ տրամադրել՝ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ծրագրի իրականացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930