«Արխիվների հարցը հաճախ է հայտնվում Թուրքիայի օրակարգում: Թուրքիայի իշխանությունն այն օգտագործում է որպես հնարք՝ հայոց ցեղասպանության հարցը ժամանակի եւ մթության մեջ թաղելու նպատակով»,-ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց թուրք սոցիոլոգ, Գերմանիայում 1998թ.-ից գործող «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավար Ալիշան Էրթեմը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե՝ «մեր արխիվները բաց են, թող հայերն էլ իրենց արխիվները բացեն, պատմաբաններն ուսումնասիրեն»:
Ալիշան Էրթեմը շեշտեց, որ 1915թ.-ին հայ ժողովուրդը չուներ պետականություն եւ գտնվում էր Օսմանյան Թուրքիայի իշխանության ներքո. «Արխիվների թեման հնարք է պարզապես՝ Օսմանյան պետությանը եւ հայ ժողովրդին նույն հարթության վրա դնելու, պետք չէ տրվել այդ հնարքին: Եթե կային արխիվներ եւ արձանագրություններ, ապա դրանք պահվում էին հայկական եկեղեցիներում, իսկ մնացածն Օսմանյան իշխանության վերահսկողության ներքո էր»:
Ալիշան Էրթեմը նաեւ համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումն անգամ բավարար չեն լինի. «Թուրքիան պետք է ենթարկվի միջազգային պատասխանատվության, որպեսզի այլեւս երբեք ցեղասպանություններ չիրականացնի: Այդ երկիրը ցեղասպանության է ենթարկել քրիստոնյա ազգերին, նաեւ՝ 7 հազար քրդերի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ