Այսօր տեղի է ունեցել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև իր պաշտոնավարման նախընթաց վեց ամսվա գործունեությունն ու առաջիկա անելիքները:
Ասուլիսի ժամանակ Պաշտպանը հայտնել է, որ հաշվետու տարում 159 անձանց կողմից ՄԻՊ հաստատություն է ներկայացվել 138 դիմում, որոնցից 78-ը՝ գրավոր, իսկ 60-ը՝ բանավոր: Դիմումները վերաբերել են հիմնականում սոցիալական ապահովության, սեփականության, ազատ տեղաշարժի, աշխատանքային, արդար դատաքննության, պատշաճ վարչարարության, առողջության պահպանման, հավաքների ազատության, երեխաների և մի շարք այլ իրավունքների:
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է հարկադիր պահման վայրերի պայմաններին, ազատությունից զրկված, փախստական, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրներին: Նա ներկայացրել է նաև Պաշտպանի միջամտությամբ խախտված իրավունքների վերականգնման մի շարք դրական օրինակներ:
Պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է մի շարք առաջարկներ իրավասու պետական մարմիններին, որոնց թվում ընդգծել է այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերին միանալու անհրաժեշտությունը, ինչպիսիք են՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ կոնվենցիաների ընդունումը բարենպաստ հենք կդառնա տվյալ ոլորտներում համակարգային բարեփոխումների և մշտադիտարկման արդյունավետ գործիքակազմի ապահովման համար:
Կարդացեք նաև
Ա.Բեգլարյանը ներկայացրել է նաև հանրային իրազեկման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, միջազգային փոխգործակցության ուղղությամբ իրականացված քայլերն ու ծրագրերը:
Ասուլիսի վերջում Պաշտպանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Տարեկան հաղորդման տեքստը կարելի է գտնել այստեղ:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ