ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ղեկավարած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղատնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Գարիկ Սարգսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ պատրաստ են ավելի լայն համագործակցության։
«Կարևորում եմ, որ մեր համագործակցությունը լինի լավ մակարդակի վրա, և մենք կարողանանք մեր ռուս գործընկերների հետ ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ մշակույթի ոլորտներում առավել սերտ համագործակցություն ունենանք։ Մենք նույնպես առաջարկելու շատ բաներ ունենք։ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, մեր մտերիմ ընկերն է, ցանկանում եմ, որ մեր հարաբերությունները հեղափոխությունից հետո ոչ միայն մնան նույն մակարդակի վրա, այլ ավելի բարձրանան»,- իր խոսքում ասել է մարզպետ Սարգսյանը։
Կարդացեք նաև
ՌԴ դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Արարատի մարզը մեծ դեր ունի երկու երկրների հարաբերություններում, ինչը վկայում է նաև ՌԴ Ռոստովի և Արարատի մարզերի միջև առկա համաձայնության հուշագիրը։
«Մենք դաշնակիցներ ենք, եղբայր ազգեր։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանը լինի ուժեղ, ծաղկուն»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հանդիպումներն ու հետագա հարաբերությունների առավել խորացումը։
Արարատի մարզպետարան