Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում նախօրեին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել. Aravot.am-ին վստահեցրեց դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին դպրոցում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր ծեծկռտուքով, կան մարմնական վնասվածք ստացած աշակերտներ:
«Մի քիչ ճոխացված են ներկայացված մարմնական վնասվածքները, որովհետեւ տղաները մի փոքր խոսակցությունից բռնկվել են, ու մարմնական վնասվածք, որպես այդպիսին, կամ լուրջ խնդիրներ չեն եղել: Այդ ամենը վերահսկվել է ե՛ւ տնօրինության կողմից ե՛ւ նույն պահին տեղեկացվել են ծնողները: Այնպես որ՝ ոչ մի բողոք կամ դժգոհություն չունենք: Սովորական աշակերտական փոքր վիճաբանություն է»,- ասաց տնօրենը: Նրա խոսքով, աշակերտների խոսակցությունը նույնիսկ ծեծկռտուքի չի հասել. «Ծեծկռտուք չի եղել, ընդամենը դասամիջոցի ընթացքում հինգ րոպե երեխաները փորձել են պարզաբանել մի փոքր իրավիճակ ու այդ ընթացքում ուղղակի անչափահաս տղաներ են, բռնկվել են, արել են մեկը մյուսին. իններորդ դասարանի տղաներ են եղել՝ զուգահեռ դասարանից»:
Իսկ թե ինչից է սկսվել վիճաբանությունը, տնօրենն ասաց. «Այսպես ասեմ՝ մեր խնդիրը հեռախոսների, համացանցի, համակարգչի երկխոսություններից է բռնկվում, ինչի ես դու գրում փակ էջով, գրի բաց էջով, մենք կպարզաբանենք, առանձնապես նյութ չկա դրա մեջ: Դպրոցում ունենք տեսախցիկներ, ամեն ինչ նկարահանված է, անհրաժեշտության դեպքում կարող ենք ձեզ ներկայացնել»:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանությունը կատարվածի մասին հաղորդում է. «Ապրիլի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի աշակերտները միմյանց հետ վիճաբանում են: Նույն օրը ժամը 13.10-ին ոստիկանները դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել 8 և 9-րդ դասարանների տասը աշակերտի: Պարզվել է, որ դպրոցում վիճաբանության ժամանակ 8 աշակերտ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 2 աշակերտի՝ պատճառելով վնասվածքներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից