Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Արտոնյալ պայմաններով դատապարտյալներ չկան, ոչ էլ՝ զոն նայողներ

Ապրիլ 25,2019 16:56

Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում իրականացված նկարահանումից հետո ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Պատասխանելով հարցին, թե կարծում է՝ ուղղորդո՞ւմ կա վարչապետի կամ ԱԱԾ-ի կողմից, որ կառավարության նախորդ նիստի քննարկումից հետո նման գործողություն կատարվեր ազգային անվտանգության ծառայության կողմից, Զեյնալյանն ասաց, որ չի կարծում, թե ուղղորդում կա:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին վարչապետի եւ Զեյնալյանի միջեւ երկխոսություն տեղի ունեցավ՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին: Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել քրեակատարողականներում տիրող իրավիճակից եւ, չանցած մի քանի օր, ԱԱԾ-ն քրեակատարողական հիմնարկում խուզարկություն կատարեց եւ այդ մասին տեսանյութ տարածվեց:

Ըստ նախարարի, բանտերում առկա քրեական մշակույթը, այդտեղ չի ծնվել եւ այդտեղ չի սնուցվում. «Մենք այս ուղղությամբ եւս կատարում ենք աշխատանքներ, կլինեն օրենսդրական փոփոխություններ, որպեսզի այդ քրեական ենթամշակույթը եւ մշակույթը բանտից դուրս գտնվող, որը նաեւ ուղղորդում եւ սնուցում է բանտում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները, դրսում էլ դադարի»:

Պարոն նախարարն ասաց, որ քրեակատարողական հիմնարկում օդափոխությունն ապահովելու համար առանց խտրականության եւ առանց կոռուպցիոն որեւէ դրսեւորման խցերի կերակրապատուհանները բաց են լինում. «Խոսքը սրա մասին էր: Դրա ի՞նչն է անօրինական: Եթե, ասենք, խցում դատապարտյալ չկա, դրա բաց կամ փակ լինելը որեւէ նշանակություն չունի, խոսքը սրա մասին է»:

Արտակ Զեյնալյանը հավաստիացրեց, որ նախկինի նման այդ կերակրադռները, որպես կոռուպցիոն դրսեւորումներ, չեն գործում այլեւս. «Այո, կան խցեր, որոնք դատարկ են, եւ դրանց պատուհանների բացումը որեւէ նշանակություն չունի: Կամ խցում որպես բողոքի ակցիա հրդեհ են կազմակերպել: Այդ խցում պետք է դուռը բացես, որ ծուխը դուրս գա, եւ մարդիկ չխեղդվեն»:

Տեսանյութի առնչությամբ, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ծառայողական քննության արդյունքում կներկայացվի, թե իրականում ինչ է բացահայտվել խցերում: Ըստ նրա՝ նախ պետք է ճշտել՝ օպերատիվ նկարահանում անելու թույլտվություն եղել է, թե ոչ:

Արդարադատության նախարարն ասաց, որ քրեակատարողականներում արտոնյալ պայմաններով դատապարտյալներ չկան, ոչ էլ զոն նայողների արտոնությունները, որոնք եղել են նախկին իշխանությունների օրոք. «Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ,որի վրայից արգելված իր չի բռնագրավում: Սա, այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930