«Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել. եկել է նոր՝ բազմաթիվ ծրագրերով»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:
Նա նշեց, որ ԵԿՄ-ում փոփոխությունները սկսվել են վերջերս կայացած համագումարի օրվանից: Օրինակ՝ 184 հոգանոց վարչությունը փոխարինվեց 25 հոգանոց վարչության կազմով. «Ավելի ճկուն ու աշխատող վարչություն է. վերից վար կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Նախատեսում ենք վերահաշվառում: Եթե նախկինում դռները բաց էին նաև ոչ կռված ազատամարտիկների համար, ապա այժմ առավելագույնս կրճատվելու է. ԵԿՄ-ի հիմնական կորիզն է մնալու, այսինքն՝ ԵԿՄ-ում կմնան իրոք պատերազմի մասնակից տղաները: Մենք առաջիկայում ունենք տարածքային բաժանմունքների ժողովներ, ինչին կնախորդի լուրջ վերահաշվառում»:
Լրագրողները հիշեցրին նախկին հայտնի ԵԿՄ-ականների մասին՝ օրինակ Սեյրան Սարոյանի, նեղացածների մասին ու հետաքրքրվեցին՝ թվային առումով ի՞նչ կրճատման մասին է խոսքը, Արա Կետիկյանն արձագանքեց. «ԵԿՄ-ն մեր բանակային ռեզերվն է, և ես, որոշակի նկատառումներից ելնելով, թվերի մասին չեմ խոսի: Անդամների թվի 20-30 տոկոսը գուցե կկրճատվի: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ վարչության անդամներն իրավունք չունեն նեղանալու, քանի որ վարչության որևէ անդամի հրավիրատոմս չենք ուղարկել: Վարչությունն է հրավիրողի կարգավիճակում: Բոլոր այն վարչության անդամները, որոնք կապը պահել են երկրապահի հետ, բոլորն էլ ներկա էին համագումարին: Իմ տեղեկություններով՝ Սեյրան Սարոյանը տևական ժամանակ հանրապետությունից բացակայում է, մյուսները, իհարկե, պասիվության պատճառով չեն եղել համագումարին»:
Հարցին՝ ԵԿՄ անդամների կրճատումը լինելու է միայն նրանց՝ պատերազմին մասնակից չլինելո՞ւ տրամաբանությամբ, Արա Կետիկյանը պատասխանեց. «Միայն դա է լինելու: Որևէ քաղաքական, տարբեր կուսակցության անդամ լինելու սկզբունքը չի կարող քննարկվել: ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որտեղ կարող են լինել մարդիկ, որոնք կարող են ակտիվորեն աշխատել նաև այլ կուսակցությունների շարքերում»:
Կարդացեք նաև
Մանվել Գրիգորյանի հետ կապված հարց ԵԿՄ-ում չի քննարկվել: Արա Կետիկյանն ասաց՝ պահպանում են անմեղության կանխավարկածը. «Այսօրվա իրականության պայմաններում որևէ ճնշում դատարանների վրա չի կարող լինել, և բոլոր հարցերի պատասխանները կտա դատարանը»:
Դիտարկմանը՝ ԵԿՄ նախագահը փոխվեց և հարցին՝ արդյոք ԵԿՄ-ն զե՞րծ է մնալու քաղաքական գործընթացներից, Արա Կետիկյանը պատասխանեց. «ԵԿՄ-ն որևէ մեկի կցորդը չի եղել: Եթե երկրում տարվա ընթացքում 12 անգամ իշխանություն փոխվի, բոլորի հետ էլ համագործակցելու է ԵԿՄ-ն երկիրը պահելու ծրագրերի շուրջ: Եթե երբևէ ԵԿՄ-ն ասի՝ թշնամին սահմանին է, չենք կռվելու, քանի որ այս իշխանությունները մեր սրտով չեն, ուրեմն ԵԿՄ-ն երկրապահ չէ: ԵԿՄ-ն երբևէ չի քաղաքականացվել: Կան ԵԿՄ անդամներ, որոնք ԵԿՄ-ից դուրս զբաղվում են կուսակցական գործունեությամբ, բայց ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, ինքը զբաղվում է քաղաքականությամբ, որ երկրապահը երբևէ չքաղաքականացվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ