Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը գործարան չի կարող փակել, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը գործարար չէ». Բաբկեն Թունյան

Ապրիլ 25,2019 16:01

Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո դիրքորոշումները չեն փոխվել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Մոտեցումն ի սկզբանե եղել է, որ մենք գնում ենք ճիշտ բալանսավորման սկզբունքով: Այսօր էլ է այդպես»,- ասաց նա:

Հիշեցնենք, այսօր ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ ցեմենտի հարցով հետագա քննարկումներին չեն մասնակցելու, ընդունելու են այն որոշումը, որը որ կընդունվի`զգուշացնելով, որ զարգացումների հետագա պատասխանատվությունը մնում է «Իմ քայլի» վրա: Լրագրողների հետ զրույցում Բաբկեն Թունյանը կրկնեց`իրենք հաշվարկել են բոլոր ռիսկերը եւ պատրաստ են կրել իրենց որոշումների պատասխանատվությունը: Նաեւ զգուշացրեց, որ քննարկումներին չմասնակցելով՝ ԲՀԿ-ն էլ իր պատասխանատվությունն է կրելու:

Aravot.am-ի հարցին`եթե Գագիկ Ծառուկյանը որոշի փակել գործարանը, մարդիկ փողոց դուրս գան, բողոքի ցույցեր լինեն`իրենք պատրա՞ստ են դրան, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը գործարան չի կարող փակել, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը գործարար չէ, ԱԺ պատգամավոր է»: Հստակեցրինք`սեփականատեր է: Պատասխանեց`երբ որոշում կընդունվի`առանց հետեւանքները դիտարկելու, այդ ժամանակ կարող եք ասել`առանց հետեւանքները դիտարկելու եք որոշումներ ընդունում: Իսկ այն ամենն, ինչ այժմ փորձում են անել, հենց հետեւանքների դիտարկմանն է ուղղված. «Մեր խնդիրն այն է, որ տեղական արտադրողը համ պաշտպանված լինի, համ մրցակցությունը դրանից չտուժի, Հայաստանի թե սպառողը չտուժի, թե ներկրողը չտուժի, նորմալ, հավասարակշռված լուծում գտնենք»:

Քննարկումների փուլում Բաբկեն Թունյանը «Արարատ ցեմենտի» հետ սերտ համագործակցություն է ենթադրում, քանի որ շուկայի 70 տոկոսն այդ ընկերությանն է պատկանում: Նա նաեւ նկատեց, եթե տեսականորեն Հայաստանի համար պահանջվող ցեմենտն ամբողջությամբ ներկրվի Իրանից, ավելի էժան կլինի, քան տեղում արտադրվողը, քանի որ տեղական արտադրանքի ծախսում մեծ տեսակարար կշիռ ունի գազը, որ շատ թանկ է, որը նույնպես ներմուծում ենք եւ վճարում: «Բայց սա չի նշանակում, որ միայն սրա վրա հիմնվելով, պետք է ասենք`միայն ներմուծենք, դա ձեռնտու է, քանի որ ցեմենտը նաեւ ստրատեգիական նշանակության ապրանք է. այսօր ներմուծում ենք, վաղը, կարող է ներմուծումը կանեն: Նաեւ`տեղական ընկերություն կա, արտադրողներ կան, աշխատողներ կան, այդ բոլորի շահերը պետք է հաշվի առնել»:

Որակի մասով էլ, նկատում է`դեռ հարց է, թե ո՞ր ցեմենտն է լավ որակի, քանզի սերտիֆիկացված լաբորատորիաներ չունենք, որպեսզի դրանք գնահատեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930