«Ճի՞շտ է,որ դուք Վլադիմիր Գասպարյանի սանիկն եք»,-այսօր այսպիսի հարց ուղղեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը կառավարության նիստի էր եկել Սանասարյանի փոխարեն:
Հիշեցնենք,որ ՊՎԾ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար:
«Ես որեւէ մեկի հետ իմ ազգակցական, քավոր-սանիկական, արյունակցական կապերից չեմ ամաչում եւ երբեւէ, թաքցնելու առիթ չեմ ունեցել: Ես ինքս փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն, քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք: Եթե ունենայի այդպիսի հարաբերություններ՝ մեծ սիրով կբարձրաձայնեի»,- պատասխանեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պարոն Քյարամյանն ասաց, որ դեռեւս չի նշանակվել ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց չի բացառում, որ ինքը կլինի պաշտոնակատարը. «Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, հետեւաբար ինչպես վարչապետը որոշի, այդպես էլ կանենք»:
Արգիշտի Քյարամյանին հիշեցրին՝ ըստ օրենսդրության, այս դեպքում ՊՎԾ պետի պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, որն այս դեպքում Ալբերտ Աբգարյանն է: Aravot.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, թե արդեն իսկ տեղեկություններ կան, որ Ալբերտ Աբգարյանը դիմում է գրել, որ հրաժարվում է պաշտոնակատարի պարտավորությունները ստանձնելուց, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ լսել է այդ մասին, բայց չի մեկնաբանում: Ասաց նաեւ, որ տեղյակ է օրենքի այդ դրույթին, սակայն, եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում:
Հետաքրքրվեցին՝ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի լիազորությունները դադարեցվելո՞ւ են, թե ոչ, պարոն Քարամյանը պատասխանեց՝ եթե քրեական գործ կա, ծառայողական գործունեությունը կասեցվում է. «Մյուս կողմից չեմ բացառում, որ պարոն Ադյանն ինքը, ընդունելով այն հանգամանքը, որ չի կարողանում կատարել ծառայողական պարտականությունները, գուցե դիմում գրի»:
Հարցին, թե որտեղի՞ց նրան հայտարարագրած 32 միլիոն դրամը, արդյոք աշխատավարձով է կուտակել, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ չի ցանկանում ծագման աղբյուրը հրապարակել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ