ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց` հանձնաժողով ստեղծել`«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման հետ կապված աշխատանքային խմբի ձևավորման հարցով: Խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրության եւ ներկրման շուկային, ինչի շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ծավալվում: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները ձեռնպահ քվեարկեցին:
Քիչ ուշացումով, հանձնաժողովի նիստերի սենյակ մտան ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Միքայել Մելքումյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ`պատասխանելով ԱԺ լիագումար նիստում եւ մամուլում հնչող տեսակետներին, որ այդ հարցում շահերի բախում կա, եւ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավարի բիզնես շահն են պաշտպանում: Միքայել Մելքումյանն ասաց` Գագիկ Ծառուկյանը մասնակցել է այդ քննարկումներին`«հաշվի առնելով «Արարատցեմենտ» գործարանի կոլեկտիվի նկատմամբ սոցիալական եւ պետական պատասխանատվություն» եւ հավելեց. «Ինչ էլ որ որոշվի, մենք համաձայն ենք: Որոշման պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլի»`մեծամասնության վրա: Մենք այդ հարցի քննարկումներին այլեւս չենք մասնակցելու»:
Այս հայտարարությունից հետո Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները լքեցին նիստերի դահլիճը: Հանձնաժողովի անդամները հետո վերադարձան:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ իրենք ինչ անում են`գիտակցում են պատասխանատվությունը եւ պատրաստ են այն կրել:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Բաբկեն Թունյանն, ի դեպ, մինչ այդ ներողություն էր խնդրել ԱԺ ճեպազրույցներում իր թույլ տված վրիպակի համար: Նա հստակեցրեց`արտոնություն տրվել է ոչ թե «Արարատցեմենտին», այլ «Հրազդան ցեմենտին»:
Հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 30-ին էլ խորհրդարանական լսումներ կանցկացվեն`Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ