Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպիտով եմ վերաբերվում, քաղաքական ապաստան…գեներալ…թե ինչպես դարձավ գեներալ, դա էլ հարց է». Հայկ Գեւորգյան

Ապրիլ 25,2019 14:42

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ մենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հարցրեցինք, թե ի՞նչ գնահատական կտան ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելուն, ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ ու կարո՞ղ է դա դառնալ առիթ ՌԴ-ի համար առեւտրի մեջ մտնելու մեր երկրի հետ:

Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Որպես ՀՀ քաղաքացի ուղղակի ժպիտով եմ վերաբերվում դրան: Քաղաքական ապաստան…գեներալ…թե ինչպես դարձավ գեներալ, դա էլ հարց է»:

Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ «ամենեւին ցանկալի բան չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, որոշ իմաստով պետական գաղտնիքի կրողը ապաստան է խնդրում ուրիշ երկրից, բայց ինչ վերաբերում է ազդեցությանը՝ հնարավո՞ր է ՌԴ-ն սակարկության մեջ մտնի այդ հարցով՝ չեմ կարծում»:

Մենք ճշտեցինք՝ Միքայել Հարությունյանի դեպքում մենք տեսանք ինչպես վարվեց Ռուսաստանը, Միհրան Պողոսյանի դեպքում, ըստ ձեզ, ՌԴ-ն ինչպե՞ս կվարվի, կարտահանձնե՞ն, թե՞ չեն արտահանձնի՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ի տարբերություն Պողոսյանի. «Թե ինչպես է դարձել ՌԴ քաղաքացի, ինչպես է նա հայտնվել գլխավոր շտաբի պետի պաշտոնում, դա աբսուրդ է: Այդտեղ դեպքերը տարբեր են, Միհրան Պողոսյանը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, իսկ ՌԴ օրենքներով նրանք ուղղակի չեն կարող արտահանձնել իրենց քաղաքացուն»:

Հարցին՝ սա կարո՞ղ է վնասել ՀՀ հեղինակությանը արտերկրում, ի վերջո Միհրան Պողոսյանը գեներալ է, Թունյանը պատասխանեց. «Կարծում եմ, սա որեւէ կերպ ՀՀ-ին միջազգային հարթակներում վնաս չի հասցնի: Հակառակը, եթե մեր մոտ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է որեւէ հանցագործության մեջ եւ դատական համակարգով փորձ է արվում արդարությունը վերականգնվել, դա նշանակում է, որ երկրում բան է փոխվել, արդարադատությունը սկսել է աշխատել: Չեմ կարծում, որ այդ հարցով մենք կարող է բացասական հետեւանքներ ունենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930