Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ԲՀԿ-ականները բարի լինեն բացահայտել օֆշորային «Ռոբերտո» ընկերության իրական սեփականատերերին». Հայկ Գեւորգյան

Ապրիլ 25,2019 14:33

Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, կնվիրի՞ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանին  իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին ի պատասխան՝ Հայկ Գեւորգյանն ասաց. «Խոսքը գնում է 2002-ի կառավարության 1465-Ա որոշման մասին, որտեղ երկրորդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար: Պետք է այն վճարվի երեք օրերի ընթացքում: Դրա ներքեւում կա, որ գործարանը պարտք է, պարտքը պետք է մարվի, բայց որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ վճարում կատարվե՞լ է, թե՞ չէ այդ ժամանակ: Գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, Գագիկ Ծառուկյանն այդ ընկերության հետ իր կապը չի հաստատում: Էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին: Ես կհորդորեի իմ գործընկերներին մեջբերել կամ ներկայացնել նաեւ այն իրավիճակը, թե ինչ է եղել այդ գործարանի հետ սեփականաշնորհումից առաջ մեկ տարվա ընթացքում, ինչպես է «ՀայՌուսգազարդի» նկատմամբ պարտքը մեկ մլն-ից դարձել 7 մլն, ուր է գնացել ցեմենտի գործարանում առկա 1,5 մլն դոլարի ցեմենտը»:

Գեւորգյանն ասաց, որ «իրենց կայքում գրած է, թե գործարանն անցել է Մուլտի գրուպին, այն վաճառվել է իրականում «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է, թող բարի լինեն բացահայտել իրական սեփականատերերին, ամեն ինչ պարզ կլինի»:

Այսքանից հետո հարցին՝ ձեզ հիմա նվե՞ր է տալու Գագիկ Ծառուկյանը՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ «Արարատցեմենտը» 2016-ի մայիսին արդեն մեկ անգամ կառավարության բարեհաճությունից օգտվել է, այդ ընկերությանը զիջվել են մոտ 500 մլն դրամի հարկեր եւ տույժեր: Մի անգամ նրանց լավություն արվել է, չենք կարող ամեն անգամ մեկ ընկերությանը լավություն անել՝ մյուսների շահերն անտեսելով»: Թունյանն ասաց, որ ինչքան փորձեն անուղղակի ճնշումներ գործադրել իրենց վրա, անպտուղ է լինելու:

Իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով Թունյանին՝ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է. «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել և դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել իր սուտը՝ դա արդեն նորամուծություն է: Բաբկեն Թունյանը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, թե 2016 թվականի մայիսի 16-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի  «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանի խոսքով՝ այդ օրենքով 500 միլիոն դրամի արտոնություն է տրվել «Արարատցեմենտ» գործարանին: Սակայն կա՛մ Բաբկեն Թունյանը ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը, քանի որ իր մատնանշած այդ օրենքի համաձայն 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: Ես իհարկե՛ հասկանում եմ «Արարատցեմենտ» գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում շահարկելու որոշ գործիչների շարունակական ցանկությունը, սակայն գոնե նման հրապարակային հայտարարություններից առաջ հարկ համարեք և ծանոթացեք ձեր ոլորտի օրենսդրությանը: Այլապես տասնյակ լրատվամիջոցներին բացարձակ սուտ տեղեկություններ հաղորդելու գործելաոճը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Սա՛ կարող եք համարել բարեկամական և գործընկերային խորհուրդ»:

Բաբկեն Թունյանը էլ, արձագանքելով, հաստատեց, որ իսկապես սխալվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930