Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետին

Ապրիլ 25,2019 14:16

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովի  գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, որպես քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատու կառույց, ԵԽ-ի հետ այդ ոլորտում համագործակցության լուրջ փորձ է կուտակել, որ էապես նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումների հաջող իրականացմանը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը ևս արժևորել է ՀՀ դատախազության հետ ծավալված գործակցությունը՝ նշելով, որ ԵԽ-ի աջակցությամբ Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման գործընթացներում ՀՀ դատախազությունը հանդիսանում է հիմնական գործընկեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունավետ քննությունների իրականացման, խափանման միջոց կալանքի պրակտիկայի, Զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, միջազգային իրավական համագործակցությանը միտված դատախազների վերապատրաստման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության և ՀՀ Քրեական նոր օրենսգրքերի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկայում եվրոպական նախադեպային իրավունքի տարրերի գործարկմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնություններին:

ՀՀ գլխավոր դատախազը փաստել է, որ չնայած քրեական դատավարության մշակվող նոր օրենսգրքի նախագծում ներդրվել են Հայաստանի նախկին և ներկայիս իրավական համակարգերի համար նոր ինստիտուտներ, սակայն օրենսգրքի ընդունման գործընթացի որոշակի դանդաղման հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ դատախազությունը, հատկապես եվրոպական իրավունքի իմպլեմենտացման նպատակով, մի քանի կարևոր նախաձեռնություններ արդեն իսկ ցուցաբերել է: Խոսքը վերաբերում է ինչպես եվրոպական իրավունքի տեղայնացման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի փոփոխությունների և լրացումների նախաձեռնմանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների ուսումնասիրության հիման հայաստանյան քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայում մարդու մի քանի հիմնարար իրավունքների իրացմանը և պաշտպանության երաշխիքների բարձրացմանը միտված ներքին իրավական կանոնների սահմանմանը, դրանցից բխող ուղեցույցների մշակմանը: Որպես այդպիսիք՝ Արթուր Դավթյանը, մասնավորապես, մատնանշել է  վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի համատեքստում մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի նոր չափորոշիչների կիրառմանն ուղղված ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներին, որոնք արդեն իսկ դրական արդյունքներ են ապահովում:

ՀՀ գլխավոր դատախազը նաև կարևոր է համարել ԵԽ-ի հետ համագործակցությամբ դատախազների վերապատրաստման նոր ծրագրերի նախանշումը՝ մի կողմից հաշվի առնելով իրավունքի զարգացման ներքին տրամաբանությանը և միտումներին համարժեքության ապահովման, մյուս կողմից՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության քրեադատավարական նոր մեխանիզմների պրակտիկ կիրառումը դյուրինացնելու անհրաժեշտությունը:

Միխայիլ Լոբովը բարձր է գնահատել քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների երաշխավորման ներպետական օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը և իրավունքին ներդաշնակեցնելուն միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդեն իսկ արձանագրված արդյունքները՝ նշելով, որ ԵԽ-ն շահագրգռված է այս հարցում շարունակելու աջակցությունը ՀՀ-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930