Ռուսական հեռուստաալիքները փակելու կոչերի հետ կապված այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց. «Իբր լավ էին մեր գործերը, հիմա մի հատ էլ նոր պրոբլե՞մ ենք առաջացնում,ես զարմանում եմ, այդ խոսակցությունները որտեղի՞ց են դուրս գալիս: Նախ, չի կարելի նման բան անել, որովհետեւ Հայաստանի քաղաքացիները որեւէ կերպ ռուսական պրոպագանդայի տակ չեն: Մեր մոտ մամուլն այնքան ազատ է, այնքան բազմաթիվ աղբյուրներ ունի, որ եթե անգամ այդտեղ պրոպագանդա կա, դա չի ազդի մեր ժողովրդի վրա: Նման հարց բարձրացնել, նշանակում է նոր պրոբլեմներ առաջացնել մեր՝ առանց այն էլ բարդ հարաբերությունների մեջ, դա ուղղակի խայտառակություն է: Ինչ վերաբերում է նրան, որ այդ ալիքներով մեզ քննադատում են, մեր մասին վատ լուրեր են ասում, CNN-ն էլ ունի ռեպորտաժներ, որ կարող է մեր սրտով չի, ասենք, Խոջալուի մասին կարող է բան լինի, ինչ է CNN –ն էլ արգելե՞նք: Մենք մեր հեռուստաալիքներն ունենք, իրենք՝ իրենց, ինչքան իրենք չեն կարող ասել մեր հեռուստաալիքներով ինչ ցույց տանք, այնքան ել մենք»:
Հարցին՝ հեղափոխությունը այլաբանորեն ներկայացնելը, հակահայկական քարոզչությունը, աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, դուք այդտեղ նույնպե՞ս խնդիր չեք տեսնում՝ Մարուքյանը պատասխանեց. «Նախ, ես ոչ մի աջակցություն չեմ տեսնում, էդ ի՞նչ աջակցություն կա որ Քոչարյանին: Փաստաբանները հարցազրույցներ են տալիս, պնդում են, որ գործը շինծու է, ԶԼՄ-ներն իրավունք ունեն լուսաբանեն: Ռոբերտ Քոչարյանին մի քիչ շատ են լուսաբանում, որովհետեւ իրեն էնտեղից շնորհավորում են, դա էլ է հասկանալի: Փորձել դրանով առանց այդ էլ բարդ հայ-ռուսական հարաբերությունները մտցնել փակուղի՞»:
Ըստ Մարուքյանի, տարբեր խմբեր կան, որ փորձում են վատացնել այդ հարաբերությունները եւ կրակի վրա յուղ լցնել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ