Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու մասին՝ ասաց. «Մեկի մտքով չանցավ հարցնի՝ Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: Մի տարի է՝ գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի, էնքան սպասեցին, մեր նախաքննության մարմինները էնքան սպասեցին, Միհրան Պողոսյանին առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարենա՞ն բռնեն: Մեկդ չե՞ք բարձրացնում էդ հարցը, բա ի՞նչ բանի էիք, որ նա գնաց, ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց: Գոնսալեսը Պրագայում է դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգեսը Մոսկվայում է դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարող է ասենք Մեքսիկայում դիմի, ե՞ւ: Հայաստանը սարքել եք սերիալ, սա ի՞նչ բան է: Որ դիմել է, ես հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան՝ հիմնվելով մեր կայուն հարաբերությունների վրա: Բայց եթե տվեցին, այ-այ-այ, կնշանակի, որ քրեական հետապնդում չեք կարա իրականացնեք, էդ մարդը մի հատ տուն կառնի էնտեղ ու առոք-փառոք կապրի: Ռուսաստանն էլ կասի՝ անկախ հանձնաժողովներ եւ դատարան կա մեր երկրում»:
Մարուքյանը հարցադրումներ ուներ՝ «Ո՞նց գնաց Միհրան Պողոսյանը, ո՞վ տարավ էդ մարդուն օդանավակայան ճանապարհեց VIP-ով»: Մեր հարցին՝ դուք տեղեկություններ ունե՞ք այդ առումով՝ Մարուքյանը պատասխանեց, որ դա ակնկալում է մեդիայից. «Հետաքրքրվեք, տեսեք Բուլկի Արամը ո՞նց գնաց մեր երկրից, էս ահասարսուռ, ահարկու մարմինները ո՞նց թողեցին, որ գնան, թե՞ սաբոտաժ են անում հեղափոխության դեմ: Ես միտում եմ տեսնում, մարդկանց թողնում են՝ գնում է, հետո փնտրում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իմա՞ստը՝ Մարուքյանը պատասխանեց. «Իմաստն էն է, որ էդ մարդը պրծնի հետապնդումից»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, փող է մուծվել ու փախե՞լ՝ նա պատասխանեց. «Չգիտեմ ինչ է մուծվել: Բավականին մարդիկ կան, որ ծառայում են այդ մարդկանց: Երբ որ մենք ասում էինք՝ ազատվեք էդ մարդկանցից, մեզ ասում էին Վատիկանի դրոշը տարեք, չգիտեմ ուր դրեք: Ձեր գործերով զբաղվեք: Բա որ ասում էինք ազատվեք Սերժ Սարգսյանի կադրերից, ինչի՞ համար էինք ասում, հենց սրա համար, որ չգնան էդ մարդիկ»:
Մարուքյանը Հիշեցրեց, որ Արամ Հարությունյանի՝ «Բուլկի Արամի» հետ կապված վարչապետը դեռ շատ վաղուց էր ԱԺ-ում հայտարարել, հետո ո՞նց գնաց նա ՀՀ-ից. «Նինձյաների նման, էն որ մի հատ ծուխ են անում ու կորում, տե՞նց գնաց «Բուլկի Արամը»: Ձե՞ռ եք առնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ