Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները՝ Նելլի Բաղդասարյանը, Հարութուն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշել եւ հրաժարվել էին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Վերջիններիս այս քայլը ունեցավ իր հետեւանքները։ Մասնավորապես, դատավորների վարքագծի մասով դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի վերոնշյալ երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Հանձնաժողովը քննել է եւ կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ եւ օրերս ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ԲԴԽ-ն որոշում «կայացնի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Բարձրագույն դատական խորհրդից, թե արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է դիմում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանին, Հարություն Մանուկյանին եւ Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով։ Ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց՝ հայտնելով, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել վերոնշյալ երեք դատավորների նկատմամբ եւ դիմում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի խորհուրդը որոշում կայացնի՝ կա՛մ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կա՛մ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ։
Մեր հարցին, թե արդյոք գործի քննությունը իրականացվելու է դռնբաց, Արման Խաչատրյանը հայտնեց, որ դատավորները դիմել են ԲԴԽ-ին եւ հայտնել, որ ցանկանում են՝ նիստն անցկացվի դռնփակ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում