Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ որոշման մեջ մեկ հատուկ կարծիք է եղել, եւ դա եղել է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի կարծիքը, որը դեռ չի հրապարակվել. «Հրապարակ»

Ապրիլ 25,2019 11:40

ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլի 22-ին Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի առաջարկած ու ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը:

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այս

թեմայով զրույցում ասաց, թե չի կարող ասել, որ այս օրենքը նախորդ իշխանությունների օգտին է, որովհետեւ, ըստ նրա, նախորդ իշխանություն չկա։

«Եթե օգտվի, պետք է օգտվի նոր իշխանությունը։ Բայց խնդիրը դրանում չէ, իհարկե։ Միշտ էլ դժվար է ընկալել, համաձայնել Սահմանադրական դատարանի որոշումների հետ, որովհետեւ մի մասի մոտ կանխավարկած կա, որ էդպես պետք է լինի։ Բայց, իրականում, պետք է ելնել օրենքի սահմանադրական լինելու կանխավարկածից։ Օրենքը կարող է քաղաքական առումով նպատակահարմար լինել կամ չլինել։ Քաղաքական առումով որոշում է պառլամենտը, մենք իրավական գնահատականն ենք տալիս: Էնպես որ՝ այս պահին կարող է որոշ քաղաքական ուժերի համար նպատակահարմար չլինել, բայց իրավական առումով ճիշտ լինել»,- ասաց տիկին Գյուլումյանը՝ ըստ էության հաստատելով այն թեզը, որ այս օրենքը հիմա կարող է գործել արդեն նոր իշխանությունների օգտին։

Իսկ իրավական անվտանգության տեսանկյունից սա օգտակա՞ր օրենք է։ Ալվինա Գյուլումյանն ասաց. «Իրավական անվտանգության տեսակետից Սահմանադրական դատարանը գնահատականը տվել է։ Դուք գիտեք, որ մենք մեր որոշումներում անդրադառնում ենք նաեւ իրավական անվտանգությանը։ Ամեն դեպքում, դա օրենք էր, որը միտված էր Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելուն»։

Դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության ներկայացուցիչ է եղել, ՀՀԿ անդամ է, գուցե նաեւ դա՞ է «նպաստել», որ այս օրենքը սահմանադրական ճանաչվի, ՍԴ անդամն ասաց. «Եկեք ենթատեքստեր չփնտրենք մեր հասարակության բնականոն զարգացումն ապահովելու համար։ Ոչ մի ենթատեքստեր մի՛ փնտրեք։ Սա օրենք է, որի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննվել է, եւ գտել ենք, որ այն սահմանադրական է»։

Ի դեպ, ՍԴ որոշման մեջ մեկ հատուկ կարծիք է եղել, եւ դա եղել է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի կարծիքը, որը դեռ չի հրապարակվել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930