Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստան այցելած հյուրերի թվում էր նաև Շվեդիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությունը` քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորությամբ:
Պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը, ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքէջից` նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի և Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։ Հայ-շվեդական միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նախարարն առանցքային է համարել նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության օրակարգի ընդարձակումն ու գործընկերության նոր հորիզոնների ուրվագծումը։
Կարդացեք նաև
Օրվա երկրորդ կեսին շվեդ պատվիրակության այցի հասցեն Սևան քաղաքն էր, որտեղ պատվիրակության անդամներին դիմավորեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի ներկայացուցիչները և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ում միջնորդությամբ կազմակերպվել էր սևանյան հանդիպումը:
Ողջունելով շվեդ գործընկերներին` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումները: «Ողջունում եմ ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Սևան համայնք: Շնորհակալություն եմ հայտնում Իշխան Սաղաթելյանին այս հանդիպումն իրողություն դարձնելու համար: Սևանն ապակենտրոնացված համագործակցության լավագույն օրինակներ ունի, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների փորձ, և, կարծում եմ, առաջիկայում այդ առումով մեզ սպասվում է համալրում` համագործակցության համաձայնագրի տեսքով»,- նշեց Սևան համայնքի ղեկավարը:
Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն իր հերթին շնորհակալություն է հայտնեց ընդունելության համար և նշեց, որ հայ-շվեդական երկկողմ կապերի շարունակական զարգացման հիանալի հնարավորություն է ընձեռված, որը պետք է օգտագործել։ «Շնորհակալ ենք, որ մեզ դիմավորեցիք, զգացված ենք նման ընդունելության համար: Մեր այցն ապրիլի 24-ի նախօրեին պատահական չէ: Մենք հետաքրքրված ենք հայկական հարցով, հայերի ցեղասպանության ճանաչման առաջին քայլերն արվել են մեր քաղաքում, հայերի հետ ունենք սերտ համագործակցություն: Նշեմ, որ շվեդահայերի կեսն ապրում է մեր քաղաքում, որտեղ գտնվում է նաև հայկական եկեղեցի, գործում են հայկական կազմակերպություններ»,- ասաց Սոդերթայլեի քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երկու քաղաքների զարգացման միտումները, առանձնահատկությունները, հնարավորությունները, առկա ծրագրերը, մասնավորապես` զբոսաշրջային հեռանկարները և ներդրումային ուղղությունները:
Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը, կարևորելով զբոսաշրջային գործի զարգացումը, որը միաժամանակ տնտեսական զարգացման հիմքերից մեկն է համայնքի համար, նշեց, որ մշակվում են ծրագրեր Սևան քաղաքում ևս զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավելու, զբոսաշրջիկներին առափնյա գոտուց քաղաք բերելու համար:
Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն էլ հավելեց, որ իր ղեկավարած քաղաքում ապրում է շուրջ 100.000 մարդ, որի 50%-ն օտարերկրացիներ են, այդ թվում` հայեր: Զարգացած ենթակառուցվածքներով քաղաքը զբոսաշրջային ոլորտում ևս ունի բավականին լավ փորձ, որը կարող է դառնալ համագործակցության ուղղություններից մեկը:
Սևան այցի նպատակն էլ, ինչպես նշեց տիկին Գոնդերը, այս տարածաշրջանին ծանոթանալն է, որին կհետևեն հետագա քայլերի քննարկումները: Այդ քայլերի արդյունքում ակնկալվում է Սևան – Սոդերթայլե քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատում:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ