Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ իր դեմ ներկայացվում է շինծու մեղադրանք, և մեղադրանքը ներկայացնողները ինչ-որ այլ շահեր են հետապնդում, պաշտպանում: Եվ դարձյալ, անկասկած է, որ ինչ-որ շահեր իհարկե կարող են լինել, սակայն ոչ մի կոնկրետություն՝ թե ո՞ւմ, և ի՞նչ շահերի համար է մեղադրում Դավիթ Սանասարյանը:
Նույն կերպ, օրինակ, ԱԱԾ-ՊՎԾ պետի գաղտնալսման գործի առնչությամբ, ԱԱԾ պետը հայտարարեց ամիսներ առաջ, որ գաղտնալսողը հայտնի է, հանրությանը հայտնի մարդ է, բայց չունեն ապացույցներ, որպեսզի հրապարակեն անունը: Կարելի է թվարկել հարյուրավոր այդօրինակ դեպքեր, երբ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները խոսում են իրենց դեմ, կամ այլ երևույթների ներքո եղած ինչ-ինչ շահերի, ցանկությունների, պատվիրատուների մասին, սակայն առանց որևէ կոնկրետության, առանց որևէ հստակեցման, առարկայացման, տալով բազմաթիվ ենթադրությունների ու եզրակացությունների մեծ դաշտ: Դա, իհարկե, նվեր է մամուլին, որն այդպիսով ստանում է ստեղծագործության լայն դաշտ: Այդ ստեղծագործությունը երբեմն տեղավորվում է իսկապես որակյալ դիտարկումների, բովանդակային վերլուծությունների, մեկնաբանությունների շրջանակում, բայց մյուս կողմից՝ մեդիադաշտը ողողվում է տեղեկատվական առատ մանիպուլյացիաներով, որոնք քաղաքական կյանքը վերածում են բամբասանքների և ինտրիգների մի անվերջ շարանի, որոնք վերացնում են խոսքի հանդեպ պատասխանատվությունը, իսկ քաղաքական գործիչների գործունեության բուն առանցքը դարձնում են հենց այդօրինակ մանիպուլյացիաների դաշտը սնուցելը՝ ինչ-որ անանուն ցանկությունների պատվերների, դավադրությունների մասին պարբերական հայտարարություններով:
Դրանց շնորհիվ նախ փորձ է արվում ներկայանալ իբրև թե այդ դավադրությունների և պատվերների զոհի կարգավիճակում, և միավորներ հավաքել այդ տարբերակով, մյուս կողմից էլ խուսափել հանրության առաջ շատ կոնկրետ և պատասխանատու հայտարարություններ, հարցերին պատասխաններ, քաղաքական իրողությունների նկատմամբ դիրքորոշումներ արտահայտելու անհրաժեշտությունից:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում