Միացյալ Նահանգների հայ համայնքն ապրիլի 24-ին բողոքի ցույց էր կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ՝ հենց այստեղ էին 2017-ի մայիսին Ռեջեփ Էրդողանի աշխատակիցները հարձակվել հիմնականում քուրդ եւ եզդի ցուցարարների վրա:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանի խոսքով, հինգշաբթի այստեղ ցույցի հավաքված հայերի հիմնական պահանջները հստակ են.
«Մենք ունենք երկու հիմնական պահանջ. Թուրքիայի կառավարությունից պահանջում ենք վերջ դնել արդարությունը ժխտելու քաղաքականությանը Հայոց ցեղասպանության հարցում, իսկ որպես ամերիկացիներ մեր իսկ երկրի նկատմամբ հարգանքից ելնելով պահանջում ենք, որպեսզի Ամերիկայի մոտեցումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չառաջնորդվի Թուրքիայի ժխտողականությամբ»:
Փողոցի հակառակ կողմը, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ պատասխան ցույցն էր կազմակերպել Վաշինգտոնի թուրքական համայնքը, որի նպատակն էր ներկայացնելու Թուրքիայի տեսակետը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմեց Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարի համանախագահ Գյունայ Էվինչը.
Կարդացեք նաև
«Մենք կարող ենք բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնել: Ես դա ասում եմ, որովհետեւ մենք հայ ժողովրդի հետ հաշտեցում ենք ուզում: Մենք իրականում նման ենք միմյանց մեր մշակույթով, ընտանեկան մշակույթով, խոհանոցներով: Մեզ երջանկացնում եւ տխրեցնում են նույն բաները: Ի վերջո՝ մենք հարեւանների ենք, ուստի, բնական կլիներ հաշտվել»:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը «Ամերիկայի Ձայն»-ին հարցազրույց տալուց հրաժարվեց, ասելով, որ հարցի շուրջ հարցազրույց է տվել թուրքական պետական հեռուստաալիքին միայն: Մինչ ցույցի հավաքված հայերը արդարություն էին պահանջում եւ հայրենասիրական երգեր երգում, թուրքերն իրենց մեղադրանքներն էին ներկայացնում Հայաստանին եւ իրենց ազգային երաժշտությունը լսում: Վաշինգտոնի ոստիկաններն էլ կանգնել էին երկու խմբերի կողմնակիցների միջեւ:
Հայերի ցույցն ավարտվեց երթով դեպի Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղի բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ավանդաբար այս օրը Հայաստանի դեսպանատունը բոլորի առջեւ բացում է իր դռները: Իր ելույթում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը կրկին հիշեցրեց՝ ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ.
«Այնքան ժամանակ, քանի դեռ պատմական արդարությունը չի վերականգնվել, քանի դեռ հայության պայքարը չի հասել գագաթնակետին, մեզ համար այս վերքը մնալու է թարմ եւ այս պայքարը մնալու է հավերժական»:
Ապրիլի 24-ը սակայն ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակի այլեւ հայ ժողովրդի վերածննդի օրն է՝ ժողովրդի, որին ոչնչացնելու բոլոր փորձերը ձախողված են, նշեց դեսպանը:
Զոհերի մասին իր ավանդական հայտարարության մեջ խոսել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով տեղի ունեցածը Մեծ Եղեռն է անվանել.
«1915 թվականից սկսած մեկ եւ կես միլիոն հայեր տեղահանվեցին, ենթարկվեցին ջարդի կամ ուղարկվեցին մահվան Օսմանյան կայսրության վերջին տարիներին ։ Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայերին՝ սգալու համար զոհերի հիշատակը»: